Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը: