Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա — հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի21, 1935, Փարիզ, Ֆրանսի), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։