Անգլիական գաղութացումը

Անգլիական գաղութացումը
XVII(18) դ. սկզբներին Անգլիայից եկած գաղութարարները ներկայիս ԱՄՆ արևելյան ծովեզերքին հիմնեցին
առաջին գաղութները: Դրանցից էր Վիրջինիան: 1620 թ.
աղանդավոր պուրիտանները հիմնեցին Նոր Պլիմուտ
ավանը: Դեռ մայրցամաք չհասած՝ ապագա վերաբնակիչները, որոնք հայտնի են «ուխտավոր հայրեր» անվանումով, երդվեցին հիմնել նոր հասարակություն և
ապրել արդար օրենքներով: Այդ նպատակով նրանք
կազմեցին համաձայնագիր։ Գաղութների տարածքը
կոչվեց Նոր Անգլիա, որը դարձավ ամերիկյան ազգային գիտակցության առաջացման օրրանը:
Հետագայում Եվրոպայից վերաբնակիչների հոսքը
մեծ չափեր ընդունեց: Անգլիայից բացի՝ եվրոպական
տարբեր երկրներից եկան նոր վերաբնակիչներ։ Արդեն XVIII դարի կեսերին ձևավորվել էին 13 գաղութներ շուրջ 1 մլն 760 հազար բնակչությամբ: Գաղութաբնակները հիմնում էին ֆերմերային տնտեսություններ,
մանուֆակտուրաներ։ Նոր յուրացվող հողերում զգացվում էր աշխատող ձեռքի մեծ կարիք: 1619 թ. սկսած
Աֆրիկայից այստեղ էին բերում սևամորթ ստրուկների,
որոնք աշխատում էին պլանտացիաներում։
XVIII դ. երկրորդ կեսին Անգլիայի հյուսիսամերիկյան
գաղութներում ձևավորվեց ամերիկյան ժողովուրդը:
Նրա առանձնահատկություններն էին բազմազգ
ակունքները, գրագիտության բարձր մակարդակը։
Բնակչության աճի հետ կապված սկսվեց երկրի արևմուտքի նոր հողերի յուրացումը, որն ուղեկցվում էր տեղաբնիկ ցեղերի հետ մշտական հակամարտությամբ:
Արևմուտքում բազմաթիվ բնիկ ցեղեր վտարվեցին
իրենց տարածքներից։
Ժամանակի ընթացքում ձևավորվում է մարդկային
մի նոր անհատականություն, որին բնորոշ էր համարձակությունը, սեփական ճակատագրի ազատ
տնօրինման ցանկությունը, համառությունը, ձեռներեցությունը: XVIII դ. վերջին ընդհանուր հայրենիքի,
լեզվի, մշակույթի, հասարակական հոգեբանության և
գիտակցության ձևավորման գործընթացը դարձել էր անշրջելի:

1.Որո՞նք էին ամերիկյան մայրցամաքում առաջին անգլիական գաղութները։

Առաջին անգլիական գաղութները ստեղծվեցին ներկայիս ԱՄՆ արևելյան ծովեզերքին: Դրանցից առաջինը Վիրջինիան էր:

2.Ովքե՞ր էին «ուխտավոր հայրերը», և ի՞նչ էին նրանք որոշել։

«Ուխտավոր հայրերը» կոչվող պուրիտանները 1620 թ. հիմնեցին Նոր Պլիմուտ ավանը: Դեռ մայրցամաք չհասած, նրանք երդվեցին հիմնել նոր հասարակություն և ապրել արդար օրենքներով՝ այդ նպատակով կազմելով համաձայնագիր:

3.Ինչպիսի՞ անվանում ստացան առաջին գաղութները։

Առաջին գաղութները միասին կոչվեցին Նոր Անգլիա:

4.Քանի՞ գաղութ ստեղծվեց, և որքա՞ն էր դրանց բնակչության թիվը։

XVIII դարի կեսերին ստեղծվել էր 13 գաղութ, որոնց ընդհանուր բնակչությունը հասնում էր 1 մլն 760 հազարի:

5.Ովքե՞ր էին աշխատում պլանտացիաներում։

1619 թ.-ից Աֆրիկայից գաղութներ էին բերվում սևամորթ ստրուկներ, ովքեր աշխատում էին պլանտացիաներում: