Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները
Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:
Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:
![hello_html_5d3f041c[1].jpg](https://resources.cdn.imdproc.am/be22e165-c08e-44a7-bb90-1fea99be1f0b/hello_html_5d3f041c%5B1%5D-w694.jpg)
Ուշադրություն
Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:
Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:
Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:
Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:
Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:
Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:
Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:
Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:
Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:
Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.
1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:
2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:
Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.
1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:
2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:
Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:
Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:
Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:
Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:
Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումը
Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման 2 հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:
Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:
Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:
Արական սեռական համակարգ:
Արական սեռական համակարգի օրգաններն են զույգ սերմնարանները (ամորձիները), զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը (պրոստատ) և առնանդամը:
Սերմնարաններն օվալաձև են, ունեն 3−5 սմ երկարություն և 13−30 գ զանգված: Դրանք տեղակայված են ամորձապարկում և կազմված են ոլորուն խողովակներից, որոնցում առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները:
Սերմնարաններում սինթեզվում են նաև արական սեռական հորմոններ, որոնք ազդում են սեռական համակարգի օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա:

Սերմնաբշտիկները և շագանակագեղձը (իր անունը ստացել է շագանակի տեսք ունենալու համար) մշակում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդներին, ձևավորում է սպերման:
Ուշադրություն
1 սմ³ սպերմայում կա 20−60 միլիոն սպերմատոզոիդ:
Յուրաքանչյուր սպերմատոզոիդ ունի գլխիկ, վզիկ և պոչ, որով նա շարժվում է: Սպերմատոզոիդները սերմնատար խողովակներով դուրս են գալիս ամորձապարկից, մտնում որովայնի խոռոչ, ապա բացվում սեռական անդամի միջով անցնող միզանցքը: Սպերման հեռացվում է վերջինիս միջոցով:

Իգական սեռական համակարգ:
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:
Ձվարանները զույգ խառը գեղձեր են, որոնք ունեն 3−4 սմ երկարություն և 6−7 գ զանգված: Ձվարաններում առաջանում են ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը պատված է լորձաթաղանթով: Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա զարգացումն ու պաշտպանումը: Արգանդի ստորին մասը՝ վզիկը, տեղադրված է հեշտոցում:
Հեշտոցի մուտքը շրջապատված է մաշկային ծալքերով՝ սեռական շուրթերով և ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով (կուսաթաղանթ):
Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Նորածին աղջկա ձվարաններում արդեն կա 400.000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300−500-ը: Մնացացծներն ապաճում են (հետ են զարգանում):
Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ պարունակող փոքր բշտիկ՝ ֆոլիկուլ: Ձվաբջջի հասունանալուց հետո ֆոլիկուլը պատռվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, կատարվում է ձվազատում, ապա արտամղված ձվաբջիջն ընկնում է ձվատար խողովակ՝ արգանդափող, որտեղ ավարտվում է նրա հասունացումը: Ձվազատումից մոտ 12−14 օր անց ձվաբջիջն ընկնում է արգանդի խոռոչ:
Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա օրեր անց արգանդի լորձաթաղանթի հետ միասին պոկվում, հեռանում է: Գործընթացը ուղեկցվում է ոչ մեծ քանակի արյունահոսությամբ: Այդ երևույթը կոչվում է դաշտան (մենստրուացիա): Այն տևում է 3−4 օր և կրկնվում է 28 օր հետո:

Տղայի և աղջկա սեռական հասունացման առանձնահատկությունները: Սեռական հասունացման շրջանում սեռական հորմոնների ազդեցությամբ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները:
Աղջիկների սեռական առանձնահատկություններն են. մարմնի զանգվածը և հասակը զգալիորեն ավելանում են, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, մեծանում է մարմնի քրտնարտադրությունը, թևատակերում (անութափոսերում) մազեր են աճում, կրծքագեղձերն աստիճանաբար մեծանում են, լայնանում են կոնքերը և սկսվում է դաշտանը: Այդ հատկանիշները դրսևորվում են 9−11 տարեկան հասակում:
Տղաների սեռական հասունացումն սկսվում է 10−12 տարեկանում և բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով. մեծանում են արական սեռական օրգանները, իրենք դառնում են ավելի թիկնեղ, մազակալում են անութափոսերը և ոտքերը, դեմքը, ձայնը կոշտանում է, պարանոցի առջևի մասում արտահայտվում է «ադամախնձորը» (վահանաճառ) և սկսվում է սերմնարտադրություն:
