Ամբողջ ամառը՝ մեկ օրում: Ռեյ Բրեդբերի

Կարդացեք պատմվածքը և կատարեք առաջադրանքը.

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:

Կարծում եմ, որ փոխաբերական իմաստով արևի չլինելը նշանակում է, որ բոլորը այնտեղ տխրած էին և չարությունները կատարում էին առանց գիտակցելու, թե ինչի պատճառն է։

  1. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Մարգոն հանգիստ աղջիկ էր, նա բոլորից առանձնացած էր։ Ես կարծում եմ, որ Մարգոյի դերը ցույց է տալիս, որ առանց արևի երեխաների սրտերում չարություն ու նախանձ կար։

  1. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

 Ես կարծում եմ, որ պատմվածքն ուզում է ցույց տալ, որ երեխաները չեն կարող ապրել, կամ կարծում եմ, որ արևը փոխաբերական իմաստ ունի և հեղինակը ուզում էր ասել, որ լույսը դա փրկություն է և չպետք է նրանից հրաժարվել։

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

Թարգմանիչ`՝ Հայկ Ֆելեքյան

8-րդ դասարան,Հայ գրականություն

բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

2.Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

    • Ժամանակի պակասը կարդալու համար: Տեքստում նշվում է, որ մարդիկ հաճախ են բողոքում, թե չունեն կարդալու ժամանակ, սակայն իրականում խնդիրը ոչ թե ժամանակի պակասն է, այլ ցանկության բացակայությունը: Եթե կա իրական ցանկություն, միշտ կգտնվի ժամանակ։
    • Կարդալու ժամանակը գողացված ժամանակն է: Հեղինակը նշում է, որ ընթերցանությունը պահանջում է հատուկ ուշադրություն, ինչը նշանակում է, որ այն հաճախ “գողացվում” է այլ պարտականություններից կամ կյանքից: Սակայն դա բացասական երևույթ չէ, քանի որ կարդալը ինքնին ավելացնում է կյանքի վայրկյանները և ժամանակի արժեքը:
    • Ընթերցանությունը որպես կենսակերպ: Ընթերցանությունը նմանեցվում է սիրո հետ, ինչն էլ նշանակում է, որ դա պարզապես առօրյա գործողություն չէ, այլ մարդու կենսակերպի մի մասն է: Եթե ընթերցանությունը կարևորություն ունի մարդու համար, ապա ժամանակ միշտ կգտնվի:

    3.Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 


    Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ կարդալու ժամանակի պակասը միայն պատրվակ է: Եթե իրականում կա ցանկություն և կարիք, ապա ընթերցանության համար կարելի է գտնել ժամանակ: Ընթերցանությունը պետք է դառնա կենսակերպի մասնիկ, այլ ոչ թե ժամանակի խնդիր:

    4.Բացատրի՛ր վերնագիրը:

    «Բայը չի սիրում հրամայական» վերնագիրը ցույց է տալիս, որ կարդալու, սիրելու կամ այլ գործողությունների մասին խոսքը պարտադիր հրամայական չի կարող լինել: Կարդալը, ինչպես և սիրելը, ներսից եկող ցանկություն է, ոչ թե պարտականություն:

      Թվական որոշչի մասին։

      Եթե թվական ածանցով գոյականն անորոշ է, ապա  «-եր» կամ «-ներ» չի ավելանում

      Օրինակ՝   մեր բակում երկու կատու կա:

      Եթե հոգնակի գոյականը որոշյալ է, ապա գոյականի հոգնակին միշտ ավելանում է

       «-եր» կամ «-ներ» 

      Օրինակ՝   իմ երկու կատուները շատ աշխույժ են:

      Երբեմն գրավոր և բանավոր խոսքում դժվար է լինում ճիշտ որոշել՝ թվական որոշչի հետ եզակի՞, թե՞ հոգնակի որոշյալ դնել՝ հինգ խնձո՞ր, թե՞ հինգ խնձորներ: Թվական որոշիչ-որոշյալ կապակցության թվային պահանջի արմատները լեզվական ընկալումների նախնական փուլում են, պայմանավորված են թվի վերացարկված ընկալմամբ: Շատ ժողովուրդներ, կախված մեկի և շատի տարբերակման ընկալման մակարդակից, երկուսից, երեքից կամ չորսից ավելին են համարել շատ, հոգնակի:  Դա հավանաբար բխել է թվի աբստրահված ընկալման ընթացքում ձևավորված պատկերացումներից. մեկը միանշանակ միակ է՝ եզակի. երկու, երեք, չորսն ակնհայտորեն մեկից ավելի են, միաժամանակ առանձին-առանձին ընկալելի, և թվականի հոգնակի լինելով ևս մեկ անգամ ընդգծվել է եզակի չլինելը, իսկ հինգից սկսած այն շատն է, որ  ընկալվում է արդեն ամբողջության մեջ: 
      Այդ ընկալումը դրսևորվել է նաև հայերենի զարգացման սկզբնական փուլում:

      Գրաբարում սրա կարգավորումը բավական հստակ էր, համաձայնությունը՝ կանոնավորված: Մի թվականը գործածվել է միայն եզակի թվով, գոյականի հետ համաձայնել է հոլովով, իսկ երեք, չորեք թվականները ձևով էլ հոգնակի են եղել, քանի որ ակնհայտորեն ընկալվել են որպես ոչ եզակի (երկու թվի՝ մեկից ավելի՝ կրկնակի լինելն այնքան ակնհայտ է եղել, որ հոգնակի դնելու կարիք էլ չի եղել, թեև երկուս-ի ս-ն արդեն հոգնակիի վերջավորություն է), կապակցվել են միայն հոգնակի գոյականների հետ: Հաջորդ քանակական թվականները նախադաս դիրքում գործածվել են և՛ եզակի,  և՛ հոգնակի որոշյալի հետ, իսկ հետադաս թվական որոշչի գոյական լրացյալը եղել է միայն հոգնակի թվով: Այսինքն, նախապես գիտենք, որ շատ առարկայի մասին է խոսքը, ուրեմն հոգնակի որոշյալ՝ անկախ որոշչի թվից: Օրինակներ՝ երեք մասունք, ի չորից երիվարաց, զերկինսն երկոսին, աստեղք հինգ և այլն: 

      Գնալով ավելի ու ավելի մեծ թվեր վերացարկմամբ պատկերացնելու ունակություն ձեռք բերած մարդու ուղեղում ավելի մեծ թիվ է տպավորվել որպես առանձնյակների հավաքականություն, ոչ թե չտարրալուծվող ամբողջություն: Եվ աստիճանաբար ավելի մեծ թվեր են առանձնյակներով ընկալվելու շնորհիվ հոգնակի լրացյալ ստացել:

      Ռուսերենում այդ ընկալման քերականական դրսևորումը պահպանվում է՝ մեկ թվի հետ լրացումը համաձայնում է թվով և հոլովով՝ один билет, երկու, երեք, չորսի դեպքում եզակի սեռականով է դրվում՝ два, три, четыре билета, այսինքն՝ երկու հատ մեկ տոմս, երեք հատ մեկ տոմս, չորս հատ մեկ տոմս, հինգից սկսած՝ հոգնակիով՝ пять билетов-հինգ տոմսեր. շատ լեզուներ մեկից բարձր թվի հետ միանշանակ հոգնակի լրացյալ են կիրառում: 
      Ժամանակակից հայերենի որոշիչ–որոշյալ հարաբերությունն առդրային է, ի տարբերություն գրաբարի, այսինքն՝ համարվում է, որ նրանք չեն համաձայնում որևէ քերականական կարգով: 

      Սակայն նկատելի է, որ այս կանոնը, քերականական տեսանկյունից բացարձակ լինելով, բառիմաստից կամ խոսքիմասային իմաստից կախված առանձնահատկություններ ունի: Յուրահատուկ թվային համաձայնության պահանջ է առաջանում որոշ որակական ածականների, որոշ դերանունների և որոշ մակբայների դեպքում, իսկ թվականի պարագայում այն առկա է միշտ, թեկուզ երբեմն համաձայնության պահանջի բացակայության ձևով:  
      Թվականի արտահայտած քանակից կախված լրացյալի եզակի-հոգնակի առնվելու տարբերակումը վերացել է, բայց պահպանվել է ամբողջությամբ կամ առանձնյակներով ընկալման վրա հիմնված տարբերակումը: 
      Եթե որոշակի քանակով իրերն ու առարկաներն ընկալվում են առանձին-առանձին, նկատի են առնվում որպես առանձնյակներ, թվական որոշչի հետ լրացյալը դրվում է հոգնակի, միաժամանակ քերականական թվով համաձայնում է նաև ստորոգյալի հետ, օրինակ՝ «Երկու լեզուներ ևս՝ հունարենն ու ալբաներենը, ինքնուրույն ճյուղեր են կազմում»:

      Լրացյալը հոգնակի է դրվում նաև, եթե հոդ, որակական ածական կամ որևէ այլ մասնավորեցնող լրացում ունի թվականից բացի: Այսինքն, երբ որևէ հատկանիշով կամ պատճառով յուրաքանչյուր առարկա ընկալվում է առանձնացված: Օրինակ, հինգ աթոռ դրեք նախագահությունում կամ՝ այդտեղի հինգ աթոռները դրեք նախագահությունում: Առաջին դեպքում նշանակություն չունի՝ ինչ աթոռներ, կարևորը քանակն է, երկրորդ դեպքում՝ մասնավորեցված, առանձնացված, որոշակիացված՝ այդտեղի աթոռներն են, իսկ քանակը նշվում է թռուցիկ, լրացնում է ասվածը: 

      Երբ ընկալվում է որպես ամբողջություն, գոյական որոշյալը լինում է եզակի, ստորոգյալն էլ եզակի է դրվում: Օրինակ՝ «Այս տարի 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Ենոքավանի զբոսաշրջային կենտրոն»: Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնի մասին է խոսքը, բնականաբար զբոսաշրջիկներ պետք է գային, դա ընդգծելու հարկ չկա, բայց այ, թիվը՝ 250 հազար, նշանակալից է, ուստի՝ 250 հազար զբոսաշրջիկ: 

      Կամ՝  «Օժանդակ շինությունում հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ որսորդական դանակ»: 

      Այս տրամաբանությունից է բխում նաև անձ ցույց տվող գոյականների՝ մեծ մասամբ հոգնակի լրացյալ դառնալը թվական որոշչի հետ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ անորոշ առումով և որպես միաձույլ ամբողջություն ընկալվող անձ ցույց տվող գոյականներն էլ են եզակի առնվում. «Յոթն ավանները միասին ունեին 13308 հետևակ և ձիավոր զինվոր» Ր:

      Հետաքրքիր է, որ մարդ բառի հոգնակին թվական որոշիչ չի ստանում, իսկ մարդ իմաստով հոգի բառը, եթե երկուսից մեծ թվական որոշիչ ունի, ինքը հոգնակի չլինելով, միշտ հոգնակի ստորոգյալի հետ է կիրառվում, օրինակ՝ «Հինգ-վեց հոգի իրար դեմ ելած՝ սրամարտ էին մղում», «Տասը հոգով գնացինք որսի»:
       

      Համո Սահյան — Աշուն

      Աշնան օրերն են հասել,

      Իջել է ամպը սարին,

      և հրաժեշտ է ասել,

      Կռունկը մեր աշխարհին:

      Բարդին էլ չի սոսափում
      Արագիլի թեւի տակ,
      Դեղին թերթեր է թափում
      Առվակի մեջ կապուտակ:

      Կարմիր խարույկ է կարծես
      Ծեր տանձենին անտառի,
      Թվում է, թե մոտ վազես,
      Ձեռք ու ոտքդ կվառի…

      Քամին շատ էր թափառել,
      Պարապ-սարապ թեւը կախ,
      Բայց արդեն գործ է ճարել,
      Տեսեք ինչքան է ուրախ:

      02.10.23 7-րդ դասարան,հայ գրականություն, Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

      Աստված իմ,
      ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

      Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

      Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

      Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

      Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

      Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

      Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

      Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

      Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

      «Ինչո՞ւ են մարդիկ վիճելուց բարձրացնում ձայնը»․ իմաստուն առակ

      Մի անգամ ուսուցիչը հարցնում է աշակերտներին․

      – Ինչո՞ւ են մարդիկ վիճելուց բարձրացնում ձայնը:

      – Երևի նրանք կորցնում  են համբերությունը, – ենթադրում են աշակերտները:

      – Այո, բայց ինչո՞ւ բարձրացնել ձայնը, եթե երկրորդ մարդը գտնվում է քո կողքին, – հարցնում է ուսուցիչը:

      Աշակերտները տարակուսած միայն ուսերն են թափ տալիս:

      Այդ ժամանակ ուսուցիչն ասում է․

      – Երբ մարդիկ վիճում են և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են մեկմեկուց: Իսկ դրանց հետ մեկտեղ հեռանում են իրարից նաև նրանց հոգիները: Եվ որպեսզի նրանք լսել իրար՝ ստիպված են բարձրացնել ձայնը: Եվ որքան մեծ է նրանց վիրավորանքն ու բարկությունը, այնքան բարձր են բղավում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարված են։ Նրանք չեն բարձրացնում ձայնը, այլ խոսում են շատ ցածր: Նրանց սրտերը շատ մոտ են, իսկ նրանց միջև հեռավորությունը գրեթե անհետանում է:

      – Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդկանց ղեկավարում է սերը, – հարցնում են աշակերտները: – Նրանք չեն բարձրացնում ձայնը, այլ շշնջում են միմյանց: Իսկ երբեմն էլ բառեր հարկավոր չեն՝ նրանց աչքերը խոսում են բառերի փոխարեն:

      Մի մոռացեք, որ վեճերը հեռացնում են Ձեզ իրարից, իսկ բառերը՝ արտաբերված բարձր տոնայնությամբ, բազմակի անգամ մեծացնում են այդ հեռավորությունը: Մի չարաշահեք դա, որովհետև կգա մի օր, որ Ձեր միջև հեռավորությունը կդառնա այնքան, որ հետդարձի ճանապարհ այլևս չեք կարղանա գտնել:

      Design a site like this with WordPress.com
      Get started