Երևանի գրավումից անմիջապես հետո Հայաստանի կարգավիճակով մտահոգ
մի խումբ հայ ազդեցիկ գործիչներ՝ Խաչատուր Լազարյանի (Լազարև) գլխավորությամբ ցարական կառավարությանը ներկայացրին Արևելան Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ Ռուսաստանի
կազմում վերականգնված «Հայկական թագավորությունը»
պետք է օժտված լիներ ներքին լայն ինքնավարության իրավունքով։ Այն ունենալու էր իր օրենքները, զինանշանն ու դրոշը։ Ռուսական տիրապետության տակ գտնվող բոլոր հայկական պատմական տարածքները պետք է միավորվեին
Հայկական թագավորության մեջ։ Պետական պաշտոնյաները պետք է հայեր լինեին։ Ստեղծվելու էր հայկական
սահմանապահ զորք։ Հայոց եկեղեցին պահպանելու էր իր
անկախությունը։ Նախատեսվում էր այդ «թագավորության»
սահմաններում վերացնել ճորտատիրությունը։
Ցարական կառավարությունը, սակայն, մերժեց այդ նախագիծը՝ փոխարենն առաջարկելով իր փոխզիջումային
տարբերակը։ 1828 թ. ապրիլին ռուսաց ցար Նիկոլայ I-ի
հրամանագրով Արևելան Հայաստանի նորագրավ տարածքներից ստեղծվեց Հայկական մարզը։ Արցախը և Գանձակը, սակայն, մնացին այս տարածքից դուրս։
Հայկական մարզը կառավարվում էր Մարզային վարչության կողմից, որի կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական և մեկական ներկայացուցիչ՝ տեղի քրիստոնյաներից ու մահմեդականներից։