9- րդ դասարան, Հայ գրականություն,

Պատրանք. Ավետիք Իսահակյան

Կարդա՜ պատմվածքները։

Վերլուծ՜իր։

Ի՞նչ նմանություն գտար երկու տեքստերում, համեմատիր։

Ավ.Իսահակյան

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:

Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:

Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:

Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:

  Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:

   Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա

Երջանկության իմաստը

Avetik_Isahakyan

Ավետիք Իսահակյան

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Իմ միտքը։

  1. Երկուսն էլ ցույց են տալիս, որ մարդը փնտրում է երջանկություն և իմաստ կյանքում։
  2. Երկուսն էլ ունեն մեկակ հերոս, ով անցնում է դժվարությունների միջով։
  3. Երկուսն էլ օգտագործում են խորհրդավոր առարկաներ (բուխարիկի մեջ կատու, Սֆինքս), որոնք տալիս են իմաստ կամ թեստում են մարդու ըմբռնումը։
  4. Երկուսն էլ ընդգծում են, որ աշխարհը դժվար է, իսկ մարդը պետք է պահի իր երազանքներն ու հույսերը։

Կարճ տարբերություն:

Պատրանք- դրական, երազն օգնում է մարդուն։

Երջանկության- իմաստը փիլիսոփայական, երջանկությունը հաճախ հասանելի չէ։

Թողնել մեկնաբանություն