Հայոց Լեզվի և Գրականության Էսսե 30․10․2025

Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն

Երանելի Մեսրոպի մասին

Տեսնելով, որ Հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպն [աշխարհի] խռովություններն իր համբերության նյութ դարձրեց։ Նա Տարոնի Հացեկաց [գյուղից] էր, սնվել ու սովորել էր Մեծն Ներսեսի մոտ և նրա վախճանվելուց հետո արքունական դռանը քարտուղար էր նշանակվել։ Նա սիրեց մենակեցության վարքը, ինչպես ասել է մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ ժուժկալող մարդը անապատ է փնտրում։ Այսպես էլ նա, աշխարհային զբաղմունքներից փախչելով, դեն գցելով մարմնական պատիվը, գնում էր երկնավորի հետևից։ Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով։ Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակ երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ։ Այստեղ աստվածային նշաններ երևացին, ինչպես սուրբ Գրիգորի ժամանակ, մարմնավոր կերպարանքով դևերը հալածված ընկնում էին Մարաց կողմերը։ Սրանից ոչ պակաս բաներ արեց և Սյունյաց աշխարհում նրա Վաղինակ իշխանի օգնությամբ։
Երբ երանելի Մեսրոպն ուսուցանում էր, ոչ փոքր նեղություն էր կրում, որովհետև ինքն էր թե՛ կարդացողը և թե՛ թարգմանողը, և եթե մի ուրիշն էր կարդում, երբ ինքն այնտեղ չէր լինում, ժողովրդին անհասկանալի էր մնում թարգմանիչ չլինելու պատճառով։ Ուստի նա միտքը դրեց մի հնար գտնել, հայոց լեզվի համար տառեր ստեղծել և աշխատանքի անձնատուր լինելով՝ զանազան փորձերով չարչարվում էր։

Դանիելյան նշանագրերի մասին

Այդ ժամանակ Արկադը հիվանդացավ, Բյուզանդիոնում մեծն Հովհաննեսի պատճառով ահագին շարժում և հրդեհներ ծագեցին, և Հունաց թագավորությունը շփոթության մեջ ընկավ, զորքերը պատերազմում էին իրար հետ և պարսիկների հետ։ Ուստի Վռամը մեր Վռամշապուհ թագավորին հրամայեց իջնել Միջագետք, խաղաղացնել ու կարգի բերել և երկու կողմերի գործակալների [վեճերը] վճռել։ Երբ նա գնաց այս ամենը կարգավորելու, քիչ նեղություն չէր կրում քարտուղարի պատճառով, որովհետև այն օրից, որ Մեսրոպն արքունական դռնից հեռացավ, նա ոչ մի ճարտար դպիր գտնել չէր կարողանում, որովհետև պարսկական գիր էին գործածում։ Այս առիթով նրան ներկայացավ Հաբել անունով մի քահանա և խոստանում էր հայերեն լեզվի տառեր ստեղծել, որ հարմարեցրել էր Դանիել եպիսկոպոսը՝ իր մերձավորը։ Թագավորն անփույթ գտնվեց, և Հայաստան գալով՝ տեսավ, որ բոլոր եպիսկոպոսները ժողովվել են Մեծն Սահակի և Մեսրոպի մոտ՝ հայերեն գրերի գյուտի մասին հոգալու։ Երբ թագավորին իմաց տվեցին այս մասին, նա նրանց պատմեց, ինչ որ վանականն ասել էր։ Երբ լսեցին, նրան սկսեցին թախանձել, որ այդ կարևոր բանին հոգ տանի։
Ուստի նա Վահրիճ անունով մի մարդու՝ Խաղունի ցեղից, որ պատվված էր Հայոց աշխարհում, իրեն հավատարիմ էր և շատ փափագում էր այդ գործին, պատգամավոր ուղարկեց հիշյալ Հաբելի մոտ։ Նրան հետն առած՝ միասին գնացին և Դանիելից լավ հմտացան վաղուց գրված տառերի շարքին, որ դասավորված էր հունարենի օրինակով, և բերեցին մատուցեցին Մեծն Սահակին և Մեսրոպին, որոնք սովորելով ու երեխաներին էլ վարժեցնելով քիչ տարիներ՝ համոզվեցին, որ այդ նշանագրերը, այդ մուրացված գծագրությունը, ընդունակ չէին վանկ առ վանկ ճիշտ արտահայտել հայերեն բառերի հնչյունները։

Մեսրոպյան նշանագրերի մասին․․․

Սրանից հետո ինքը Մեսրոպը աշակերտներով իջնում է Միջագետք՝ նույն Դանիելի մոտ, և նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է Եդեսիա՝ Պղատոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտ, որ դիվանի պետն էր: Նա ուրախությամբ ընդունեց, և ինչքան որ հայերեն խոսքեր միտքը բերում էր՝ հավաքելով և շատ ջանք թափելով, օգուտ չունեցավ հռետորը և խոստովանեց իր տգիտությունը: Բայց նա ասաց, թե ինքն առաջ ունեցել է մի ուսուցիչ՝ շատ հմուտ մարդ, որ հետո ճարտարների գրվածքները Եդեսիայի դիվանից առնելով՝ գնացել ու քրիստոնեություն է ընդունել, անունը՝ Եպիփանոս. «Նրան,- ասաց,- փնտրիր գտիր, որ քո փափագը լցնի»:
Այն ժամանակ Մեսրոպը, Բաբիլոս եպիսկոպոսից օգնություն գտնելով, Փյունիկեով անցնում դիմում է Սամոս, որովհետև Եպիփանոսը մեռած է լինում՝ թողնելով մի աշակերտ՝ Հռոփանոս անունով, որ հունարեն գրության հրաշալի արվեստ ուներ և առանձնացել էր Սամոսում: Մեսրոպը գնում է սրա մոտ և սրանից էլ շահ չգտնելով՝ ապավինում է աղոթքի: Եվ տեսնում է ոչ երազ՝ քնի մեջ, ոչ տեսիլք՝ արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ՝ քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյան վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր [գրերի] հանգամանքները նրա մտքում հավաքվեցին, ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով՝ ստեղծեց մեր նշանագրերը՝ Հռոփանոսի հետ ձևակերպելով Մեսրոպից պատրաստված գրերը, հայերեն տառերը ճիշտ հանդիպեցնելով հունարենի հնչյուններին: Եվ իսկույն ձեռնարկեցին թարգմանության՝ խորհրդաբար սկսելով [Սողոմոնի] առակներից, ամբողջ քսաներկու հայտնի գրքերը և Նոր Կտակարանը փոխադրում է հայերենի, նույնպես և նրա աշակերտները՝ Հոհան Եկեղեցացին և Հովսեփ Պաղնացին, միևնույն ժամանակ իր ավելի փոքր աշակերտներին սովորեցնելով գրչության արվեստը:

Կարդա՜ և մանրամասն պատմի՜ր։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում, սովորել Մեծն Ներսեսի մոտ և եղել արքունի քարտուղար։ Բայց նա հոգնել էր աշխարհիկ կյանքից և դարձավ մենակյացի՝ Գողթն գավառում վերացնելով հեթանոսական սովորությունները։

Մեսրոպը հասկացավ, որ հայ ժողովուրդը չի կարող հասկանալ Աստծո խոսքը առանց սեփական գրերի։ Նա փորձեց Դանիելյան նշանագրերը, բայց դրանք չհամապատասխանեցին հայերենին։ Աղոթքով և Աստծո օգնությամբ նա ստացավ հայոց տառերի հայտնությունը և ստեղծեց այբուբենը։

Մեսրոպը աշակերտների հետ թարգմանեց Սուրբ Գիրքը հայերեն, սկիզբ դրեց գրականությանը և ոգի տվեց ժողովրդին՝ հավատալու իր լեզվին ու մշակույթին։

Թողնել մեկնաբանություն