I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:
Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:
Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:
Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:
– Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:
Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:
Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-
Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…
Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…
Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…
III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:
Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:
-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:
Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:
Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:
Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:
Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…
27.XI.1914թ.
Բեռլին
1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Սկզբում ապարանքը պատկերվում է շքեղ, պայծառ ու կենդանի, լի հարստությամբ ու փայլով։
Վերջում այն դառնում է մութ, լքված ու խաւար, կորցրած իր փայլը։
Հեղինակը այս հակադրությամբ ցույց է տալիս, որ սերը կյանքի լույսն է, իսկ սիրո կորստով նույնիսկ ամենամեծ պալատը դատարկ ու մեռած է դառնում։
2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ — իշխանուհի։
Մանկլավիկ — երիտասարդ տղա։
Նաժիշտ — ազնվական կնոջ սպասուհի։
Ձեղուն — տան վերնամաս, տանիքի տակ։
Սնդուս — փայլուն, շքեղ կտոր։
Թալկանալ — փափկել, նրբանալ։
Եբենոսյան — պատրաստված սև, թանկ փայտից։
Մուշկ — ուժեղ բույր, օծանելիքի նյութ։
Կնդրուկ — մուգ, այրվող խեժանման նյութ։
3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։
որ իսկական սերը բարձր է հարստությունից ու իշխանությունից։ Թադմորի պատմությունը հիշեցնում է, որ մարդու հոգևոր աշխարհը է որոշում ամեն ինչ՝ երբ սերը կա, աշխարհը փայլում է, երբ չկա՝ ամեն ինչ դատարկվում է։
4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝
Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
Հավերժական սերը թվում է իդեալ, բայց իրականում դա մարդու ներքին ընտրությունն է։ Երբ սերը դառնում է հավատարմություն, հոգատարство և պատրաստակամություն աճելու միասին, այն դառնում է իրական հոգեվիճակ։ Հավերժությունը չի գալիս խոսքերից, այլ՝ վերաբերմունքից։