ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ սովորող
Գրածդ պիտի լինի մեկ ամբողջական շարադրանք, որը պիտի ունենա սկիզբ, միջնամաս և ավարտ։ Սկիզբը գրելուց հետո ձևակերպի՛ր պնդում։ Շատ ուշադի՛ր կարդա, որ կարողանաս երկու տեքստերն էլ համադրել (ինտեգրել) գրածդ պնդումի շուրջ և ապացուցել տեսակետդ։
Հիշի՛ր՝ պարբերությունները ևս պիտի ունենան սկիզբ, հիմնամաս և ավարտ։ Հետևի՛ր նաև գրածիդ ուղղագրությանն ու կետադրությանը․ մտքերդ քերականորեն ճի՛շտ արտահայտիր։
Սպասելու ենք ինքնատիպ դատողություններիդ։ Շատ կարևոր է քո անձնական կարծիքը։
1․ Այծեմնիկ, Թմկաբերդի առումը
Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
| Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին, Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն, Երգի՛ իմ սերը նըրա առաջին, Պատմի՝ իմ փառքը ու գանձը անհուն։ Խոստացի նըրան իմ ոսկի գահը, Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան, Ինչ որ կարող է խոստանալ Շահը, Երկրակալ Շահը իր սիրած կընկան։ Գոռում են, դողում Թըմկա ձորերը, Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման ․․․ Զարկում են, զարկվում դուշման զորքերը, Արյունը հոսում են Քըոի նըման.Երգում է աշուղն իր Շահի սերը, Անհուն գանձերը ու փառքն անսահման… Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին. Եվ վըրդովում են իր միտքը թաքուն Դավաճան գործի ամոթը խորին Եվ արքայական փառքն ու մեծություն… Լսո՞ւմ ես դու, սիրուն տիկին, Այ նազանի աննըման. Նայի Շահին, իրեն զորքին, Աշխարհքի տերն անսահման… Մեզ պես տըկար մարդ է նա էլ Սիրուններին միշտ գերի. Քու ճակատին թագ է վայել | Լինիս շքե՛ղ թագուհի… Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից Ու դարձավ նա լո՛ւռ, դալուկ, մըտախոհ, Ու քունը փախավ սիրուն աչքերից… Է՛յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում, Քաջ զինվորներ Թաթուլի Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում, Քուն չի աչքին մոտ գալի: Չըլինի՞ թե հաղթահարված, Ճարը հատած թըշնամին Դավ է դընում մութն ու մեռածԿես գիշերվա էս ժամին: Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր Մարդ է գընում ու գալիՀե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր, Պահապաններ Թաթուլի: Վե՛ր կացեք, վեր, հարբեցրել էԻր հաղթական հյուրերին,Բաց է անում դուռն ու դարպաս Ձեր դավաճան տիրուհին: Դա վ. դա՛վ. ելե՛ք… կոչնա՛կ… պահնա՛կ… Զենք առեք շո՛ւտ ձի հեծե՛ք, ձի… Ճըռընչում են, դըղըրդում են Դարպասները երկաթի։ |
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
XII-րդ դարում Հայաստանը և շրջակա տարածքները սելջուկ-թուրքերի կողմից ենթարկվեցին հարձակումների: Հայ ժողովուրդը համառ կերպով պայքար էր մղում նրանց դեմ: Սելջուկ թուրքերի հերթական հարձակման ժամանակ պաշարման մեջ հայտնվեց Անի քաղաքը: Անիի պաշտպանության գործում 1124 թ․ աչքի ընկավ Այծեմնիկ անունով մի կին: Նա Անիի պարիսպների վրա քաջաբար պայքարում էր Փատլուն ամիրայի զորքերի դեմ։ Ըստ Սամվել Անեցի պատմիչի՝ Անիի պաշարումը տևել է մեկ տարի՝ բերելով մեծ ավեր և սով քաղաքում ու ողջ Շիրակում։ Այծեմնիկը, կանգնած պարիսպների վրա, հերոսաբար մասնակցում էր այդ կռիվներին։ Նա, անտեսելով իր վերքերը, թշնամու արձակած նետերը դուրս էր քաշում մարմնից և հետ ուղարկում։
Սամվել Անեցին իր տարեգրության մեջ ոգեշունչ տողերով ներկայացնում է Այծեմնիկի սխրանքը․ «Եվ այս պատերազմում պարիսպների վրա իր առաքինությամբ պայծառացավ առնական սրտով մի կին, որը, պատվարի վրա ելնելով, արհամարհում էր խոր ցցված նետերը, որ վիրավորում էին նրան արտաքուստ»։ Այս փոքրիկ հատվածն արտացոլում է ոչ միայն Այծեմնիկի անձնուրացությունը, այլև անեցիների համառ դիմադրությունը օտար տիրապետության դեմ։
Նիկողայոս Մառը նշում է, որ Անիի քաղաքային կյանքում առանձնանում էր կին-քաղաքացու դերը, որը ոչ միայն մասնակցում էր հասարակական նախաձեռնություններին, այլև կռվում էր քաղաքի պաշտպանության համար։ Նույն կերպ Այծեմնիկը, չնայած վիրավոր լինելուն, շարունակում էր պայքարել՝ իր համաքաղաքացիների կողքին մնալով մինչև վերջ։
_____________________________________________
Մարդուն անսպասելի քայլերի կարող են մղել տարբեր պատճառներ՝ փառասիրություն, վախ, կամ հայրենիքի հանդեպ սեր։
Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ Թմկա տիրուհին, լսելով Նադիր շահի խոստումները, գայթակղվում է փառքով և դավաճանում է իր ամուսնուն՝ Թաթուլին։ Նրա այս քայլը բերում է բերդի կործանմանը։
Իսկ պատմական հատվածում Այծեմնիկը լրիվ հակառակ օրինակ է։ Նա հերոսաբար պայքարում էր Անիի պաշտպանությանը՝ նույնիսկ վիրավոր վիճակում։ Նա իր կյանքը վտանգելով պաշտպանում էր հայրենիքը։
Այսպիսով, մարդիկ տարբեր ընտրություններ են կատարում․ մեկը կարող է դավաճանել, իսկ մյուսը՝ հերոսաբար պայքարել։ Իմ կարծիքով մարդուն պետք է առաջնորդեն հավատարմությունն ու հայրենիքի հանդեպ սերը։
2․ Անգրագիտության վերացումը, Խենթը
Ի՞ՆՉ ԴԵՐ ԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑԸ։
ՊԱՏՄԱԿԱՆ
Հնագույն մշակույթի տեր հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հին կարգերից ստացել էր սահմանափակ ժառանգություն հատկապես գրագիտության բնագավառում։ Մասնավորապես՝ համատարած անգրագիտություն էր տիրում գյուղում։ Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից՝ չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ 1939 թ․ մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը՝ 1897 թ․ 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։Հայաստանի իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունը աշխարհիկ դարձնելը։1921 թ․ որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց անցնել եռաստիճան՝ տարրական, յոթամյա և միջնակարգ դպրոցին։ 1920-1930-ական թվականներին հանրակրթական դպրոցների լայն ցանց ստեղծվեց։ 1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերդի անգրագիտության վերացման գործում։
Աղբյուր՝ Հայոց պատմություն, Նորագույն շրջան, 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2014, էջ 85-86։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Առավոտ էր: Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված: Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը: Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր: Որքա՜ն լավ պահված էին այդ սիրուն երեխաները, որքա՜ն ուրախ էին նրանք: Երևի դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց: Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը:
Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է,– ասաց Վարդանի հյուրընկալը:– Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր:
Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել: Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը: Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ՝ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով: Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ: Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ:
Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործածելու վարժություններով: <<Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր>>,– մտածում էր Վարդանը:
_____________________
Կրթությունը միշտ մեծ դեր է ունեցել ժողովրդի զարգացման մեջ։
Պատմական հատվածում նշվում է, որ 20-30-ական թվականներին Հայաստանում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտությունը վերացնելու համար։ Ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ, և շատ մարդիկ դարձան գրագետ։ Սա կարևոր քայլ էր հասարակության զարգացման համար։
Րաֆֆու «Խենթը» վեպի հատվածում նույնպես ցույց է տրվում կրթության կարևորությունը։ Վարդանը տեսնում է մի դպրոց, որտեղ երեխաները սովորում են ոչ միայն գրքերից, այլ նաև բնությունից, զբաղվում են մարմնամարզությամբ և աշխատում են։
Այսպիսով, կրթությունը ձևավորում է զարգացած և գիտակից մարդ։ Իմ կարծիքով ապագայի դպրոցը պետք է սովորեցնի ոչ միայն գիտելիք, այլ նաև մտածել, աշխատել և սիրել հայրենիքը։
3․ Թմկաբերդի առումը, Նադիր շահ
ՔՆՆԵԼՈՎ ՆԱԴԻՐ ՇԱՀԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ՄԵԿՆԱԲԱՆԻ՛Ր, ԹԵ ԻՆՉ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԻՐ ՊՈԵՄԻ ՏՐՎԱԾ ՀԱՏՎԱԾՈՎ։ ՔՈ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ՛Ր ՆԱԴԻՐ ՇԱՀԻ ԱՐԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
| Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառԱշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,Ավերակ բերդին, սև ամպի նըման,Ծուխն ու թշնամին չոքել են ահա: Հաղթության փառքով ու գինով հարբածՔընած են բերդի և զորքերն, և տեր,Ու հավիտյան էլ մընացին քնած,Դավին անտեղյակ, ցավին անտարբեր: Նըստած է Շահը. նըրա առաջինԱհա իրիկվան քեֆի սեղանը.Նայում է Շահը անտեր գահույքին,Մտքովն անցնում է աշխարհքի բանը: Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,Ու մի հավատալ երբեք ոչ մեկին.Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,Ոչ սիրած կնկա տըված բաժակին… | Ու լի դառնությամբ հարցընում է նաԴալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.- Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա.Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն… — Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,Չէր եղել կյանքում երբեք խաբեբա… Էսպես տիկինը տըվավ պատասխան.Անհուն ցասումից մըռընչաց Շահը.- Հեյ, դահիճ, գոռաց գազանի նըման.Դահիճը իսկույն մըտավ սրահը: |
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։ Իրական հիմքեր ստեղծվեցին հայ-իրանական համագործակցության ծավալման համար։ Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական ու առևտրատնտեսական ոլորտները։
Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736 թ.)։ Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանգական իրավունքները։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը։ Նա ստացավ նաև պարսկական խանի տիտղոս։ Նադիր շահի գահակալման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց նախկին իրավունքներր և ներքին կառավարման հարցերում ունեին գործեյու լիակատար ինքնուրույնություն։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը՝ 1000-1500 զինվոր։
___________________
Նադիր շահը պատմության մեջ հայտնի էր որպես ուժեղ և հաջողակ զորավար։ Նա բազմաթիվ հաղթանակներ տարավ և որոշ փոփոխություններ կատարեց նաև հայկական տարածքներում։
Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում Նադիր շահը ներկայացվում է որպես խորամանկ և հաշվենկատ մարդ։ Նա հասկանում է, որ չի կարող ուժով հաղթել Թաթուլին, ուստի փորձում է խաբեությամբ գրավել բերդը։
Այս ստեղծագործությամբ Թումանյանը ցույց է տալիս, որ հաղթանակը, որը ձեռք է բերվում դավաճանությամբ և խաբեությամբ, իրական հաղթանակ չէ։
Իմ կարծիքով Նադիր շահի այդ արարքը անարդար էր, որովհետև նա հաղթեց ոչ թե ազնիվ պայքարով, այլ դավով։
4․ Խենթը, Կրթությունը 20-30 ական թվ․
Ի՞ՆՉ ԴԵՐ ԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ։ ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑԸ։
ՊԱՏՄԱԿԱՆ
Հնագույն մշակույթի տեր հայ ժողվուրդը, այնուամենայնիվ, հին կարգերից ստացել էր քիչ ժառանգություն հատկապես գրագիտության բնագավառում։ Մասնավորապես՝ համատարած անգրագիտություն էր տիրում գյուղում։Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից՝ չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։1939 թ․ մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը՝ 1897 թ․ 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։Հայաստանի իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունը աշխարհիկ դարձնելը։1921 թ․ որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթնամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց անցնել եռաստիճան՝ տարրական, յոթնամյա և միջնակարգ դպրոցին։1920-1930-ական թվականներին հանրակրթական դպրոցների լայն ցանց ստեղծվեց։1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերդի անգրագիտության վերացման գործում։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Առավոտ էր: Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված: Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը: Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր: Որքա՜ն լավ պահված էին այդ սիրուն երեխաները, որքա՜ն ուրախ էին նրանք: Երևի դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց: Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը:
Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է,– ասաց Վարդանի հյուրընկալը:– Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր:
Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել: Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը: Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ՝ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով: Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ: : Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ: Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործածելու վարժություններով: <<Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր>>,– մտածում էր Վարդանը:
___________________________
Տարբեր ժամանակներում կրթությունը կարևոր դեր է ունեցել հասարակության զարգացման համար։
Պատմական հատվածում նշվում է, որ Հայաստանում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտությունը վերացնելու համար։ Ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ, և բնակչության մեծ մասը դարձավ գրագետ։
«Խենթը» վեպում նույնպես ցույց է տրվում կրթության կարևորությունը։ Դպրոցում երեխաները սովորում էին ոչ միայն գրքերից, այլ նաև գործնական աշխատանքից և ֆիզիկական վարժություններից։
Այսպիսով, կրթությունը մարդուն տալիս է գիտելիք և պատրաստում է նրան կյանքի համար։ Իմ կարծիքով ապագայի դպրոցը պետք է զարգացնի մարդու միտքը, ուժը և ստեղծագործական կարողությունները։
5․ Խենթը, ռուս-թուրքական պատերազմ
ՆԵՐԿԱՅԱՑՐՈ՛Ւ ԲԱՅԱԶԵԴԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ՝ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ: ԳՆԱՀԱՏԻ՛Ր ԴՐՎԱԳՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ո՞Վ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՐՈՍ, ԻՆՉՈ՞Վ, ՆԵՐԿԱՅԱՑՐՈ՛Ւ ՆՐԱՆ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,—խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ինչո՞վ կարող ենք պաշտպանվել,—ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….
— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,—կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,—խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անց կենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։
…..Նախագահը ասաց.
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։
— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։
Այս երիտասարդը Վարդանն էր։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը։
1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:
Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:
____________________________________
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղի ունեցան բազմաթիվ հերոսական դեպքեր։
Գեղարվեստական հատվածում նկարագրվում է Բայազեդի պաշարումը։ Մարդիկ ծանր վիճակում էին, բայց որոշեցին չհանձնվել և պայքարել մինչև վերջ։
Պատմական փաստերն էլ ցույց են տալիս, որ այդ պաշարումը իրականում եղել է շատ դժվար և վտանգավոր։ Այնուամենայնիվ պաշտպանները համառորեն դիմադրեցին և հերոսություն ցույց տվեցին։
Իմ կարծիքով հերոսը այն մարդն է, ով դժվար պահին չի վախենում և պատրաստ է պայքարել ուրիշների համար։ Այդպիսի մարդիկ օրինակ են մյուսների համար։
6․ Հայկ և Բել, Ազատություն (Նալբանդյան)
Մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ Դու քեզ ազատ մարդ համարո՞մ ես, հիմնավորի՛ր։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան։
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Աղբյուր՝ Մ․Նալբանդյան «Ազատություն»
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Հայ ժողովրդի կազմավորման հարցի կարևոր սկզբնաղբյուր է «Հայկ և Բել» ավանդազրույցը։ Ըստ հին հայոց ծննդաբանական այդ դիցավեպի՝ հայ ժողովրդի անվանադիր նախնին Թորգոմ նահապետի որդին է։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է որպես վայելչակազմ, թիկնեղ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով երիտասարդի։
Բաբելոնի աշտարակաշինության անհաջող փորձից հետո Հայկն ըմբոստանում և ապստամբություն է բարձրացնում մարդկության առաջին բռնակալ Բելի տիրապետության դեմ, որին հաջողվել էր բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը Բաբելոնից հեռանալուց հետո բնակություն է հաստատում մի լեռան մոտակայքում, այնտեղ կառուցում է բնակավայր և նվիրում իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը, տեղափոխվելով հյուսիս-արևմուտք, բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում է Հարք։
Բելը, իմանալով Հայկի անհնազանդության մասին, իր որդիներից մեկի գլխավորությամբ մի պատգամավորություն է ուղարկում Հայաստան և պահանջում, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը: Միաժամանակ առաջարկում է վերադառնալ Բաբելոն և բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած շրջանում։ Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում՝ խստությամբ պատասխանելով, և Բելը հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս է Հայաստան։ Նրանց միջև ճակատամարտը տեղի է ունենում Վանա լճի ափին, և Հայկը եռաթև նետով գետնին է տապալում բռնակալ Բելին։
Հայ ժողովուրդը Հայկին նույնացնում է աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ Հրատ կամ Մարս մոլորակին։ Հայկի և Բելի ավանդազրույցը տիեզերական առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի մի նմուշ է, որի ենթահիմքում ընկած է լույս և գարուն իմաստավորող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավար և ձմեռ մարմնավորող բռնակալի։
Այսպիսով՝ օտար բռնակալի դեմ ահեղ և հաղթական պատերազմով է դրվել հիմնաքարը այն երկրի, որ կոչվում է Հայաստան։
________________________________________
Ազատությունը միշտ եղել է հայ ժողովրդի կարևոր արժեքներից մեկը և ազգային ինքնության պահպանման հիմքը։
Մովսես Խորենացու ներկայացրած «Հայկ և Բել» ավանդազրույցում Հայկը ապստամբում է բռնակալ Բելի դեմ, որովհետև չի ցանկանում ապրել նրա իշխանության տակ։ Նա պայքարում է և հաղթում Բելին՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու գաղափարը։
Նույն գաղափարը արտահայտվում է նաև Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության մեջ։ Բանաստեղծը ասում է, որ դեռ մանկուց սիրել է ազատությունը և պատրաստ է մինչև մահ պայքարել նրա համար։
Այսպիսով, ազատության գաղափարը տարբեր ժամանակներում օգնել է հայ ժողովրդին պահպանել իր ինքնությունը։ Ես ինձ ազատ մարդ եմ համարում, որովհետև կարող եմ ազատ մտածել, սովորել և արտահայտել իմ կարծիքը։
7․ Մահարի, Մանկություն, Գաղթականությունը
ԻՆՉՊԻՍԻ՞ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՏՆՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳԱՂԹԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ Ի՞ՆՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴՈՒՆ՝ ԿՅԱՆՔԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Էջմիածին։ Ես երբեք, երբեք իմ կյանքում չեմ կրել այնպիսի հիասթափություն, ինչպես կրեցի այն ժամանակ, երբ տեսա Էջմիածնի խունացած դեմքը։ Շոգ։ Փոշի։ Կեղտոտություն։ Վանքի խունացած սիլուետը։ Իսկ պարիսպների տակ իրար վրա թափած գաղթականություն։ Ճեմարանի բակի ծառերի տակ մեզ շարեցին ծալապատիկ և ճաշ տվին։ Բիլի Մակը կծկվեց մոտս։ Ես մի անգամ էլ հիշեցի մայրիկանց տան վերի օդի պատից կախված Էջմիածնի փառահեղ նկարը, և սիրտս լցվեց անասելի դառնությամբ։ Ճաշից հետո լուր տարածվեց, որ բոլոր որբերին տանելու են բաղնիք, հին շորերը ոչնչացնելու և նոր շորեր տալու։ Այդպես էլ եղավ։ Այստեղ ես շատ վնասվեցի, որովհետև ես կորցրի իմ նոր և վայելուչ շորերը և բոլորի նման հագա ծաղկավոր չթից կարած մի շապիկ, մի վարտիք, իսկ գլխիս կապեցի մի ծաղկավոր թաշկինակ: Ուրիշ ոչինչ։ Այլ պայմաններում ես կամաչեի այդ դրությամբ՝ մի տակ շապիկ-վարտիքով և բոբիկ ոտներով ման գալ, բայց ստեղծված կացությունը թույլ չէր տալիս զբաղվել նման կենցաղային մանրուքներով։Ինձ մոտեցավ ինձնից մեծ, հանդուգն աչքերով մի տղա և մի կողմ տարավ։ Զգուշությամբ, շուրջը նայելով, նա շապիկի տակից հանեց մի ծաղկավոր թաշկինակ և ցույց տվեց.
– Թռցուցի… շորերդ ինչի՞ տվիր:
Նա ներս մտավ բաղնիք և հինգ րոպե հետո դուրս եկավ՝ արցունքները սրբելով, ձեռքին՝ իմ շորերը։ Մենք դուրս եկանք վանքի դարպասից, անցանք փողոցը և մտանք առաջին պատահած խանութը: Քիչ հետո մենք նստեցինք փողոցի մի քարի վրա, քանդեցինք մեր գլխի թաշկինակները և բաժանեցինք 300 հատ կոնֆետ մեր մեջ:
– Քո անունն ի՞նչ ի,– հարցրի ես նրան՝ լցված անսահման երախտագիտությամբ։
– Կուշո… քո՞ն։
– Գուրգեն…
Մենք մտերմացանք. նա դարձավ իմ խնամատարն ու շահերի պաշտպանը։ Ես իմ բաժին կոնֆետից մաս հանեցի նաև Բիլի-Մակին, որի համար և արժանացա Կուշոյի հանդիմանությանը։ Ես խոսք չգտա արդարանալու։
Աղբյուր՝ Գուրգեն Մահարի «Էջմիածնում» (հատված «Պատանեկություն» վիպակից)
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գաղթականության վիճակը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին
Հանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։
Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնություններին ու կոտորածներին՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։
Կառավարությունը պետք է դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար։ Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր։
Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվեցին մի քանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը Ալեքսանդրապոլում էր։
Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։
_____________________________
Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հայտնվեց շատ ծանր պայմաններում։
Գուրգեն Մահարու ստեղծագործության մեջ նկարագրվում է, թե ինչպես էին գաղթականները ապրում Էջմիածնում։ Նրանք չունեին լավ հագուստ, սնունդ և ապրում էին շատ դժվար պայմաններում։ Շատ երեխաներ դարձել էին որբ և ապրում էին որբանոցներում։
Պատմական տվյալներով՝ Հայաստան էր եկել մոտ 300 հազար գաղթական։ Պետությունը փորձում էր օգնել նրանց՝ ապահովելով սնունդ և ապաստան, բայց պայմանները շատ դժվար էին։
Իմ կարծիքով կյանքի դժվարություններին դիմակայելու համար մարդուն անհրաժեշտ են ուժեղ կամք, համբերություն և հույս ապագայի հանդեպ։
8․ Նռնենիներ, սփյուռքի ձևավորումը
ԻՆՉՊԻՍԻ՞ ԽՆԴԻՐՆԵՐ ԷԻՆ ԾԱՌԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԱԾ ԵՎ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՌՋԵՎ։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ Ի՞ՆՉ ԴԵՐ ՈՒՆԻ ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։ Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
Եղավ, կամաց ասաց հորեղբայրս։ — Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։ Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։ Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ, — ասաց, — ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
— Խնամե՞լ, — զարմացավ Գրիֆիթը, — ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։ Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։ Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։ Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու մեքենան վերադարձանք։ Նստեցինք ու քաղաք քշեցինք։ Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։
Աղբյուր՝ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը
Պատմական հատված
Հայության դրությունը օտար երկրներում Սփյուռքի ձևավորման ընթացքում
Օսմանյան կայսրության իշխանությունները 1915թ. երկրի ողջ տարածքով իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ, որոնց հետևանքով հայությունը կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ մնացած մասը բռնագաղթեց հայրենիքից և ստիպված էր հաստատվել տարբեր երկրներում։
Գիտակցելով կատարվածի ճակատագրական նշանակությունը՝ հայերը աշխարհով մեկ սփռված այդ որակապես նոր գաղթականությանը անվանեցին «Սփյուռք»։
Սիրիա և Միջագետք բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն այդ երկրներում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, իսկ քիչ ավելի ուշ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլն։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Նրանց քրտնաջան աշխատանքը և տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը նպաստեցին, որ վտարանդի հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Սկզբնական շրջանում հայ գաղթականների վիճակը ծանր էր նաև Արևմուտքի արագ զարգացող երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում։ Չունենալով անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Փախստականները չունեին իրական պատկերացում տեղի ժողովուրդների ապրելակերպի մասին, որը հաճախ խորթ և անընդունելի էր իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, անծանոթ լինելով հայերին, նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները։ Այդ առումով շատ ավելի ծանր էր հայերի վիճակը եվրոպական երկրներում, ուր նրանք դասվեցին այսպես կոչված «անհայրենիք» ՝ քաղաքացիություն չունեցողների շարքը։Աղբյուր՝ Հայոց պատմություն, Նորագույն շրջան, 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2019, էջ 75-76:
__________________________________
Ցեղասպանությունից հետո շատ հայեր ստիպված էին ապրել օտար երկրներում և ստեղծվեց Սփյուռքը։
Վիլյամ Սարոյանի «Նռնենիներ» պատմվածքում ցույց է տրվում, թե որքան դժվար էր հայերի կյանքը օտար երկրում։ Նրանք աշխատում էին ծանր պայմաններում և փորձում էին նոր կյանք սկսել։
Պատմական տվյալներով՝ հայերը բնակություն հաստատեցին տարբեր երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ վայրերում։ Սկզբնական շրջանում նրանք բախվում էին բազմաթիվ դժվարությունների՝ աշխատանք, լեզու և նոր մշակույթ։
Իմ կարծիքով Սփյուռքը մեծ դեր ունի մեր ինքնության պահպանման գործում, որովհետև աշխարհով մեկ ապրող հայերը պահպանում են լեզուն, մշակույթը և հիշողությունը հայրենիքի մասին։
9․ Քելե, լաո, խրուշչովյան ազատություն
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Իր ի՞նչ գործն է, թե կա սահման ու կա վեճ,
Իր ի՞նչ գործն է, թե կան ռումբեր ու հրթիռ,
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Իմա՞լ կեղնի, ինքը` այստեղ, հողն` այնտեղ,
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին:
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի՛ ամեն պատնեշ, ամեն սուտ.
Պիտի երթա՛նք, պիտի երթա՜նք մեր երկիր:
Հեղինակ՝ Ա․ Նիկողոսյան, Ա․ Վարդանյան, Գրականություն, Անտարես, Երևան, 2023, 7-րդ դասարան
Հատված Սիլվա Կապուտիկյանի <<Քելե՛, լաո>> բանաստեղծությունից
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։
Համեմատաբար ազատության պայմաններում զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ Մինչ այդ փաստորեն արգելված ազգային-հայրենասիրական թեմաներով բազմաթիվ արժեքավոր գրական-գեղարվեստական, պատմագիտական, մշակույթի գործեր ստեղծվեցին։
1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։
Իշխանությունները և, առաջին հերթին, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հասկանում էին, որ արդարացի են ժողովրդի ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց, և 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման՝ ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։
Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հրաշալի մի հուշահամալիր։
_____________________________________________________
Անցյալը հիշելը շատ կարևոր է ապագա կառուցելու համար։
Սիլվա Կապուտիկյանի «Քելե, լաո» բանաստեղծությունում արտահայտվում է ժողովրդի կարոտը հայրենիքի հանդեպ։ Բանաստեղծությունը ցույց է տալիս, որ մարդիկ չեն մոռանում իրենց հայրենիքը և ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։
Պատմական հատվածում նշվում է, որ Խրուշչովյան ազատությունների ժամանակ սկսեց զարգանալ ազգային կյանքը։ 1965 թվականին առաջին անգամ մեծ կերպով նշվեց Հայոց ցեղասպանության 50-ամյակը, իսկ հետո կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։
Այսպիսով, պատմությունը հիշելը օգնում է պահպանել ժողովրդի հիշողությունը և ինքնությունը։ Ինձ համար մեր պատմության իմացությունը շատ կարևոր է, որովհետև այն օգնում է հասկանալ մեր անցյալը և ավելի լավ կառուցել ապագան։
