Կիմ Բագրատի Աղաբեկյան
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
Գուրգեն Մահարին (Գուրգեն Գրիգորի Աճեմյան) ծնվել է 1903 թ. օգոստոսի 1– ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Չորս տարեկան հասակում կորցնում է հորը: Նախնական կրթությունը Մահարին ստացել է տեղի Նորաշեն և Երեմյան վարժարաններում: Շատ կարճ է տևում Մահարու մանկությունը: 1915 թ. հուլիսի 18– ին դատարկվեց ինքնապաշտպանական հերոսամարտում հաղթանակած Վան քաղաքը. «Առավոտ լուսո եղավ և, ըստ ամենայնի՝ արդար արեգակ, թեպետ չէին երևում ո՛չ առավոտը, ո՛չ արևը:
Չէին երևում, որովհետև փոշին կանգնել էր և՛ առավոտի, և՛ լույսի, և՛ արեգակի, և՛ արդարության դեմ: Փոշի, փոշու մեջ լողացող, աղմկոտ մարդիկ, կանայք, երեխաներ, սայլեր, անասուններ»:
«Ոսկե մանկության» կապույտ երազները թողնելով հայրենի եզերքում, դեռ 12 տարին չբոլորած Գուրգենը, հազարավոր գաղթականների հետ բռնում է անհայտ հեռուների՝ մահերով ու սարսափներով լի ճանապարհը: Հետագայում ինքնակենսագրության մեջ Մահարին գրում է. «1915 թվին ես Էջմիածին ընկա, հետո՝ Դիլիջան, հետո՝ Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ »: Այսպես է սկսվում արհավիրքի տարին մանկությունն ու ծննդավայրը կորցրած ապագա բանաստեղծի պատանեկությունը:
Մահարու ստեղծագործական կենսագրությունն սկսվում է 1917– ից, երբ Երևանի, «Աշխատանք» թերթում տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ Գ. Արփունի ստորագրությամբ: Հայրենի տան և հարազատների կարոտով ներշնչված 15– ամյա պատանու վերհուշ է Մահարու առաջին բանաստեղծությունը՝, պարուրված մեծարենցյան անրջանքի շղարշով.
Անուշ օրորով, հեզուն ու նազուն,
Կթափի ձիւնը մեր բաց երդիքեն,
Քովս կերազէ մեր պառավ կատուն,
Ու թոնիրին մէջ պուտուկներ կերգեն…
Ձեթի ճրագը սյան մեջքին կպած
Սևուկ կատուին պէս խոր կքաշէ քուն:
Մինչ կիջնա ձիւնը մեր երդիքեն բաց
Թոնիրը տաքուկ, տաքուկ մեր տանտուն:
— Չըխկ, չըխկ կը ծեծեն մեր դուռը ահա,
— Հօ՜յ, հօ՜յ, քեռիս է բաշլուղով ծածկուած,
Մինչ պառավ կատուն քովս կխորթա,
Ու կիջնէ ձիւնը մեր երդիքեն բաց…:
Հատված
Թե ինչու մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի, այս մասին գրելը երկար կլիներ: Կասեմ միայն, որ շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր հյուր գնայի մեր տուն, մնացած ժամանակը ես ապրում էի տատիս մոտ: Մայրս ինձ համար Անուշ էր, տատս՝ մայրիկ, նրանց տունը՝ մայրիկանց տուն: Քեռիս տարվա մեջ միայն ձմռան ամիսներին էր լինում տանը, մնացած ժամանակ նա գյուղ էր գնում և մի կողմից տնտեսությամբ էր զբաղվում, իսկ մյուս կողմից, ինչպես տատս էր ասում ,,դաշնակ կոմիտե էր,,…
Մայրիկանց տան այգու դռան դիմաց մի վիթխարի այգի կար կանգնած: կնստեր տատս նրա մոտ, կգործեր գուլպա և կպատմեր ինձ զանազան հեքիաթներ: Հիշում եմ, որ նրա հեքիաթներից մեկը կարողացավ ինձ լացացնել: ,,Զամբիլ-Ֆրոշ,, էր կոչվում այդ զարմանալի հեքիաթը, որի բովանդակությունը, սակայն, չեմ հիշում…
Տատս ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ, խոստանում էր ինձ 15 տարեկան դառնալուս պես պսակել, այս ասում էր նա այնպիսի գուրգուրանքով, որ ես մի օր տատիս բավականություն պատճառելու համար ասացի, որ այս հասակիս մեջ էլ պատրաստ եմ պսակվելու , և որ կարիք չկա սպասել մինչև 15 տարեկան դառնալս:
Իմ այս ծայրահեղ անձնվիրությունը, սակայն, ոչ մի հաջողություն չունեցավ, և , ի մեծ զարմանք իմ, տատս սկսեց օգտագործել այս փաստը դրացի կանանց մոտ և ծիծաղել ու ծիծաղեցնել ինձ վրա…. Այնուհետև ես իմ առաջարկությունն այլևս չկրկնեցի հակառակ տատիս, որ նույն եռանդով շարունակում էր կրկնել.
Տասնհինգ տարեկան, որ էլավ իմ Գուրիսին կպասկեմ…
Հետաքրքիրն այն էր, որ նա իմ մասին խոսում էր երրորդ դեմքով, կարծես այդ ամենը ոչ թե անմիջորեն ինձ էր վերաբերում , այլ այդ ամենը սում էր նա ինձ ի գիտություն, մի ուրիշ մարդու մասին:
Տատիս անունը Յուղաբեր էր: Հետագայում, երբ ես սովորեցի բարդ բառեր և նրանց կազմությունների մասին, տատիս անունը շատ անգամ վերլուծեցի, բայց ոչ մի եզրակացության չեկա: Հասակակից կանայք նրան Օղիկ էին ասում պարզապես, իսկ երիտասարդ հարսները Օղի խաթուն:
Թե ինչպես այդպես անողոք կերպով կրճատում էին նրա առանց այն էլ կրճատված անվան վերջին տառը և այդ բարեհամբյուր պառավին անգիտակցաբար վերագրում մի խելագարեցնող խմիչքի անուն , ես այդպես էլ չհասկացա:
Յուղաբերի հետ մինչև հիմա էլ չեմ հաշտվում, բայց ահա Օղիկ, լավ է ասված , իսկապես նա մի փոքրիկ փայլուն օղի էր իմ մանկան հիշողությունների շողշողուն շղթայում…
Տատս ինձ սովորեցրել էր մի քանի աղոթքներ : Բացի աղոթքներից նա գիտեր նաև կրոնական բանաստեղծություններ: Դրանցից մեկը ես հիշում եմ: Գուլպան ձեռքին , նա արագ-արագ գործում էր, տող-տող ասում յուրօրինակ եղանակով , և ես կրկնում էի.
Դու անթառամ ծաղիկ ես ,
Վարդի նման հոտով ես,
Փունջ մանուշակ ազնիվ ես,
Աստվածածին մեղա քեզ:
Այս ,,Աստվածածին մեղա քեզ,, -ը կրկնում էր բոլոր տների վերջում , երեք տող մի կերպ ծամծմում էի տատիս հետ, չորրորդին բարձրաձայն հպարտությամբ վրա էի տալիս.
Աստվածածին մեղա քեզ…
Ամառային արևը կկանգներ ուղիղ զենիթում /երբ ես դեռ փոքր էի, արևը մեծ, շատ մեծ էր/ ու մի թանձր լռություն կխտանար հենց շուրջը : Տեսար մի բզեզ թռավ , և նրա բզզոցը լսվեց օդում միլիոնավոր բզեզների բզզոցի ուժգնությամբ , կամ էլ մի թեթև հովից Այգեստանի ծառերի տերևները շրջվեցին, և լսվեց այդ ձայնը ծովի ալեկոծության պես ալիք-ալիք թավալումով:
Օրվա այդ պահերին, այգու դռանը կանգնած վիթխարի բարդին ավելի երկար էր թվում ինձ և ավելի ուղիղ: Այնժամ տատս աչքը կբարձրացներ վեր ու կասեր.
-Կեսօրվա դիվան կայնե…
Ի՜նչ բան էր այդ դիվանը , ես իսկույն չհարցրի , հիմա էլ չգիտեմ, մի միստիկական բան էր թվում ինձ այդ, մի ֆանտաստիկ տպավորություն էին թողնում ինձ վրա տատիս այդ խոսքերը, և ես չէի հարցնում, որովհետև ինձ թվում էր, որ գիտեմ դրա նշանակությունը…
Կեսօրվա դիվան կայնե…
Հատված Գուրգեն Մահարու ,,Մանկություն,, վիպակից:
,,Մանկություն,, վիպակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
ճի՞շտ է, որ մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել իրենց մանկության մասին և հուզվել նրանով, երբ ծերացած են լինում… Չեմ կարծում։ Ես միշտ էլ հուզվել եմ իմ մանկության հիշողություններով, միշտ մտածել եմ այդ երազային օրերի մասին և հիմա, երբ դեռ երիտասարդ եմ, ուզում եմ գրել այդ, նորից կրկնենք, երազային օրերի մասին։
Տարիները աղոտել են շատ բան. օ , այո, շատ գծեր են ջնջվել և շատ պայծառ դեմքեր մշուշվել։ Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարավորը իմ մանկության խորասուզվող ոսկե մակույկից։
Մի ժամանակ ես մտքիս մեջ դուրս էի գալիս մեր տնից և ուզած ուղղությամբ գնում էի Աճեմ Խաչոյենց տուն, կամ Սահակ — բեյի փոսը։ Ես մանրամասն պատկերացնում էի յուրաքանչյուր տունն ու ծառը, յուրաքանչյուր փողոցի ճյուղավորումներն ու նրանց հեռուն։
Զմփ — զմփ մաղարան տեսնում էի ափիս մեջ, Համուդ- աղայի ղշլան` ինչպես սեղանիս վրա դրված ահա այս թանաքամանը, հիմա ես շատ բան եմ շփոթում, ու շատ գծեր են մթնել հիշողությանս կապույտ քարտեզի վրա…
…Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը։ Հիշել եմ ուզում, վերհիշել և գրել, գրել հեշտ և թեթև, գրել և զգալ, որ քունքերս խփում են ներքին հուզմունքից, գրել անմշուշ, պայծա՞ռ, պայծա՞ռ, այն քաղաքի երկնքի նման, ծովի կապույտի նման, այգեստանների կանաչի ու լուսնկա գիշերների խորության նման։
Գրել։
1. ՄՈԻՏՔ
Առաջին բանը, որ ես հիշում եմ, մորս թանաքոտած ստինքներն են։ Ես չեմ հիշում, թե ինչպես այն ժամանակ մայրս պատճառաբանեց իր այդ անթույլատրելի քայլը, չեմ հիշում և այն, թե ինձ բավարարեցի՞ն նրա բերած փաստարկումները , թե ոչ… բայց հետագայում , երբ ես մեծացա, ականատես եղա փոքր եղբայրներիս նմանօրինակ ճակատագրին, պարզվեց, որ այդ մայրական ներկարարությունն անհրաժեշտ մի ակտ էր, որպեսզի արդեն որոշ տարիքի հասած և դեռ մայրական կաթի վրա համառող երեխաներին հիասթափեցնեն կաթի աղբյուրներից։ Այս, ըստ երևույթին, մեղմ, դիվանագիտական միջոցը, սակայն, ինձ վրա պետք է որ ահռելի տպավորություն թողած լինի,— ահա թե ինչո՛ւ դա դարձավ իմ առաջին հիշողությունը։
Սակայն այդպես չպատահեց փոքր եղբորս հետ, երբ մայրս նրա համար թանաքոտեց իր ստինքները և համապատասխան կոմենտարիաներով ներկայացրեց նրան («էլ չուտես, չուտես, փի՛ս ի, փի՛ս» ), նա առանց այլևայլության հարձակվեց ստինքներից մեկի վրա և շրթունքներով բռնեց։ Սրա արդյունքն եղավ այն, որ մեր հիմարիկի շրթունքները թանաքոտվեցին։
Այն ժամանակ ես մտքիս մեջ նրան անգիտակից և անխելք համարեցի, որ չկարողացավ ինձ նման ըմբռնել րոպեի լրջությունը և հրաժարվել կաթից։
Բայց հետագայում, երբ նա մեծացավ և դարձավ հանդուգն կոմերիտական, ես հասկացա, որ նա` փոքր եղբայրս, ոչ թե չհասկացավ պատահածը օ, ոչ, նա պարզապես դրանով ուզեց ասել «Չես վախեցնի ինձ քո ներկերով, ես կաթ եմ ուզում և պիտի ուտեմ…»։
Մորս թանաքոտած ստինքներից հետո ինձ համար բացվեց մի նոր շրջան, և ես սկսեցի ունենալ կոնկրետ և յուրատեսակ պատկերացում ինձ շրջապատող մարդկանց և իրերի մասին։
Բովանդակային հարցեր
1.Որտե՞ղ և ինչպիսի՞ միջավայրում է անցնում հերոսի մանկությունը։
Վան, Էջմիածին, Դիլիջան, Երևան
2.Ինչպիսի՞ն է ընտանիքի սոցիալական դրությունը։ Ի՞նչ հարաբերություններ ունի հերոսը ծնողների հետ։
Հայրը մահացել է նրա վախ տարիներում, Քեռին լքել է նրանց, թողնելով Մորը, Քրոջը և Քրոջ ընտանիքը։ Սակայն նա գրել է <<մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի>>
3.Ինչպե՞ս է ներկայացվում դպրոցական կյանքը։ Որո՞նք են մանկության ամենահիշարժան դրվագները։ Ի՞նչ դժվարությունների է հանդիպում հերոսը։
Նա սովորել է տեղական Նորաշեն և Երեմյան վարժարաններում, նրա կյանքի դժվարությունը իմ կարծիքով եղել է մանկությունը։
4.Ինչպե՞ս է պատերազմը կամ ժամանակաշրջանի իրադարձությունները ազդում ընտանիքի վրա։
Նրա Հայրն է մահացել պատերազմի վաղտ, իսկ ժամանակաշրջանի իրադարձությունները ծանր եին նստել նրա վրա, օրինակ 1915 ցեղասպանությունը
5․Էսսե
Գուրգեն Գրիգորի Աճեմյան (Գուրգեն Մահարին) ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Վան քաղաքում՝ Արևմտյան Հայաստանում։ Նա սովորել է տեղական Նորաշեն և Երեմյան վարժարաններում։ Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված է եղել գաղթել։ Նա ապրել է Էջմիածնում, Դիլիջանում և Երևանում։ Մանկության մեծ մասը անցկացրել է իր տատիկի մոտ, որը նրան պատմում էր հեքիաթներ և սովորեցնում աղոթքներ։ Նրա մանկությունը միաժամանակ ջերմ և դժվար էր։
Երևանում նա ապրում էր ծանր պայմաններում, հաճախ տեղափոխվում էր տարբեր վայրեր և ապրում որբանոցներում։ Սակայն հենց այդ ժամանակ նա սկսեց գրել բանաստեղծություններ և հետաքրքրվել գրականությամբ։ 1917 թվականին նրա առաջին բանաստեղծությունը տպագրվեց «Աշխատանք» թերթում։
Մահարին ուզում է ցույց տալ, որ մանկության հիշողությունները մարդու համար շատ կարևոր են, թե դրանք լինեն ջերմ ու սիրալիր, թե դաջան ու անարդար փորձություններ։ Նա նաև ցույց է տալիս, թե ինչպես պատերազմը և պատմական իրադարձությունները ազդում են մարդու կյանքի վրա, բայց նույնիսկ դժվարությունների մեջ մանկության ջերմ հիշողությունները մնում են մարդու հետ ամբողջ կյանքում։
