Էսսե
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։ Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
Եղավ, կամաց ասաց հորեղբայրս։ — Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։ Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։ Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ, — ասաց, — ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
— Խնամե՞լ, — զարմացավ Գրիֆիթը, — ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։ Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։ Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։ Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու մեքենան վերադարձանք։ Նստեցինք ու քաղաք քշեցինք։ Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։
Աղբյուր՝ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը
Պատմական հատված
Հայության դրությունը օտար երկրներում Սփյուռքի ձևավորման ընթացքում
Օսմանյան կայսրության իշխանությունները 1915թ. երկրի ողջ տարածքով իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ, որոնց հետևանքով հայությունը կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ մնացած մասը բռնագաղթեց հայրենիքից և ստիպված էր հաստատվել տարբեր երկրներում։
Գիտակցելով կատարվածի ճակատագրական նշանակությունը՝ հայերը աշխարհով մեկ սփռված այդ որակապես նոր գաղթականությանը անվանեցին «Սփյուռք»։
Սիրիա և Միջագետք բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն այդ երկրներում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, իսկ քիչ ավելի ուշ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլն։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Նրանց քրտնաջան աշխատանքը և տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը նպաստեցին, որ վտարանդի հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Սկզբնական շրջանում հայ գաղթականների վիճակը ծանր էր նաև Արևմուտքի արագ զարգացող երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում։ Չունենալով անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Փախստականները չունեին իրական պատկերացում տեղի ժողովուրդների ապրելակերպի մասին, որը հաճախ խորթ և անընդունելի էր իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, անծանոթ լինելով հայերին, նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները։ Այդ առումով շատ ավելի ծանր էր հայերի վիճակը եվրոպական երկրներում, ուր նրանք դասվեցին այսպես կոչված «անհայրենիք» ՝ քաղաքացիություն չունեցողների շարքը։
Ցեղասպանությունից հետո շատ հայեր ստիպված էին ապրել օտար երկրներում և ստեղծվեց Սփյուռքը։
էսսե
Վիլյամ Սարոյանի «Նռնենիներ» պատմվածքում ցույց է տրվում, թե որքան դժվար էր հայերի կյանքը օտար երկրում։ Նրանք աշխատում էին ծանր պայմաններում և փորձում էին նոր կյանք սկսել։
Պատմական տվյալներով՝ հայերը բնակություն հաստատեցին տարբեր երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ վայրերում։ Սկզբնական շրջանում նրանք բախվում էին բազմաթիվ դժվարությունների՝ աշխատանք, լեզու և նոր մշակույթ։
Իմ կարծիքով Սփյուռքը մեծ դեր ունի մեր ինքնության պահպանման գործում, որովհետև աշխարհով մեկ ապրող հայերը պահպանում են լեզուն, մշակույթը և հիշողությունը հայրենիքի մասին։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Մովսես Խորենացի «Տիգրան և Աժդահակ»
Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, և մտածում, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։
Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում․․․․Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին․․․․
— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց․․․․Ծննդաբերության ցավերով էր բռնված։
․․․․Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։․․․․Ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել ․․․․ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։․․․․Կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան I Երվանդյանը (Ք. ա. մոտ 570-525 թթ.)։ Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի, և աչքի էր ընկնում իր իմաստնությամբ ու տաղանդով:
Պարսից արքա Կյուրոս Մեծը ձգտում էր խորտակելու Մարական թագավորությունը: Մարաստանի դեմ ապստամբությունը գլխավորում էր Կյուրոս Մեծը: Հայոց արքան դաշնակցում է Կյուրոսի հետ: Տիգրան Երվանդյանն աջակցեց Կյուրոս Մեծին, և նրանք տապալեցին Մարաստանի տերությունը: Ըստ հայկական ավանդության՝ հենց Հայոց արքա Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին:
Ք. ա. 550 թ. Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան։
Տիգրան Երվանդյանի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանվեց մինչև Ք. ա. 522 թվականը:
Պատմահայր Մովես Խորենացին այսպես է ընդհանրացնում Տիգրան I Երվանդյանի գահակալությունը. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությանը տապալելու… Եվ մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի՝ թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը»։
Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, գործնականում շարունակում էր մնալ անկախ պետություն և իր արտոնյալ տեղն ուներ Աքեմենյան տերության մեջ:
Առաջադրանք․ Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝ ներկայացրո՛ւ Տիգրան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի՝ համապատասխան հատվածներով հիմնավորելով պատասխանդ։
էսսե
Մովսես Խորենացու «Տիգրան և Աժդահակ» ստեղծագործությունը պատմում է քաջ և ուժեղ քաղաքական ու պետական գործիչ Տիգրան Երվանդյանի մասին, ինչպես նաև նրա դաշնակիցների՝ Կյուրոսի և թագավոր Աժդահակի մասին։ Տիգրանն այնքան ուժեղ և հզոր գործիչ էր, որ Աժդահակը վախենում և սարսափում էր այն փաստից, որ իր թշնամի Կյուրոսը Տիգրանի դաշնակիցն էր։ Նա անգամ երազ է տեսնում, որ Տիգրանը հարձակվում է իր վրա և հաղթում նրան։
Պատմական տվյալներով Տիգրանը դաշնակցել է Կյուրոս Մեծի հետ և միասին տապալել են Մարաստանի թագավորությունը։ Սա ցույց է տալիս, որ նա ոչ միայն ուժեղ, այլև խելացի քաղաքական գործիչ էր։
Այսպիսով, Տիգրան Երվանդյանը հանդես է գալիս որպես հզոր, խելացի և հեռատես պետական գործիչ, որը կարողացավ ճիշտ քաղաքականությամբ և ուժեղ առաջնորդությամբ հաղթել իր թշնամիներին։
Հատված Սիլվա Կապուտիկյանի <<Քելե՛, լաո>> բանաստեղծությունից. Էջ 100
Իր ի՞նչ գործն է, թե կա սահման ու կա վեճ,
Իր ի՞նչ գործն է, թե կան ռումբեր ու հրթիռ,
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Իմա՞լ կեղնի, ինքը` այստեղ, հողն` այնտեղ,
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին:
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ.
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի՛ ամեն պատնեշ, ամեն սուտ.
Պիտի երթա՛նք, պիտի երթա՜նք մեր երկիր:
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Աղբյուր՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան /Վ․Բարխուդարյան, Ա․ Հակոբյան, Հ․ Հարությունյան/
Վերնագիր՝ Հասարակական-քաղաքական կյանքը
Հատված՝ Ազգային զարթոնքը, էջ 115-116
1960-ական թվականների սկզբներին, խրուսչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։
Համեմատաբար ազատության պայմաններում զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ Մինչ այդ փաստորեն արգելված ազգային-հայրենասիրական թեմաներով բազմաթիվ արժեքավոր գրական-գեղարվեստական, պատմագիտական, մշակույթի գործեր ստեղծվեցին։
1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։
Իշխանությունները և, առաջին հերթին, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հասկանում էին, որ արդարացի են ժողովրդի ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց, և 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման՝ ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։
Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հրաշալի մի հուշահամալիր։
Էսսե
Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը ավելի մանրամասն պատմում է, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականի եղեռնից հետո։ 1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ, սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։ Զարգանում էր հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները, բայց արգելված էին ազգային-հայրենասիրական թեմաները, պատմագիտությունը և մշակույթը։
Սակայն 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին, հայ ժողովուրդը դուրս եկավ փողոցներ և պահանջում էր արդարություն, դատապարտում էր Թուրքիային և ցանկանում էր, որ Հայոց ցեղասպանությունը հասնի միջազգային ճանաչման։
Առաջին հերթին ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) քարտուղար Յակով Զարոբյանը հասկացավ, որ ժողովրդի ազգային պահանջները արդարացի էին։ Նա նախաձեռնեց, և 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը՝ ի հիշատակ զոհերի և հայ ժողովրդի պատմական հիշողության պահպանման։ մեկ տարի անց՝ Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ, բացվեց հուշահամալիրը
Ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով, այցելում է հուշակոթող (Երևան, Ծիծեռնակաբերդ)
իսկ Սարդարապատի հուշահամալիրը (Արմավիրի մարզ)։
