Գլուխ 3.8

Խորհրդահայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը,
հասարակական
հարաբերությունները

Քաղաքական բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում Երկրորդ
աշխարհամարտից հետո։ ԽՍՀՄ-ում քաղաքական բռնաճնշումները վերսկսվեցին
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1949 թ. հունիսի 14-ին Խորհրդային
Հայաստանից հեռավոր Ալթայի երկրամաս աքսորվեց շուրջ 13 հազար մարդ (բռնադատվածների հարազատներ, պատերազմի ժամանակ գերի ընկածներ, ՀՅԴ նախկին անդամեր և այլք):
Իրադրությունը սկսեց լրջորեն փոխվել 1953 թ. մարտի 5-ին՝ «խորհրդային ժողովուրդների առաջնորդ» Իոսիֆ Ստալինի մահից հետո։ Սկսվեց «անհատի պաշտամունքի» դատապարտման և
դրա զոհերի արդարացման գործընթացը։ ԽՍՀՄ միլիոնավոր քաղաքացիներ արդարացվեցին և
հայրենիք վերադարձան։ Բռնադատվածների ազատ արձակումը վերափոխումեր առաջ բերեց
ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում։
Հասարակական-քաղաքական ու ազգային կյանքը որոշ աշխուժացում ապրեց։ Արդյունքում,
1965 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, տասնյակ հազարավոր
քաղաքացիներ դուրս եկան Երևանի փողոցներ՝ պահանջելով դատապարտել թուրքական իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը և աշխատանքներ իրականացնել Արևմտյան Հայաստանի տարածքները վերադարձնելու ուղղությամբ: Բազմահազար ցուցարարների
ներկայացուցիչներին Հայկական ԽՍՀ իշխանությունները թույլ չէին տալիս մտնել Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, որտեղ անցկացվում էր Եղեռնի տարելիցին նվիրված
պաշտոնական միջոցառում: Ոստիկաններն ուժով ցրեցին հավաքվածներին, տեղի ունեցան
ձերբակալություններ:

Կատարվածը խորհրդային պետության ղեկավարներին ստիպեց քայլեր ձեռնարկել հայերի ազգային պահանջները բավարարելու ուղղությամբ: Այդ
համատեքստում հիշարժան է 1967 թ. նոյեմբերին
Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Այս ամենում կարևոր ներդրում ունեցան ՀԿԿ
Կենտկոմի քարտուղարներ Յակով Զարոբյանն ու
Անտոն Քոչինյանը:
1960-1980-ական թթ. Հայաստանում գործում էին զանազան ընդհատակյա կազմակերպություններ (Ազգային միացյալ կուսակցություն, Հայ հայրենասերների
միություն և այլն), որոնք պայքարում էին ԽՍՀՄ-ում
ժողովրդավարական փոփոխությունների համար:

Իրենց գործունեությամբ հայտնի էին հայ այլախոհներ Հայկազ Խաչատրյանը, Շահեն
Հարությունյանը, Ստեփան Զատիկ­յանը, Պարույր Հայրիկ­յանը և մյուսները:
Նրանց հռչակած նպատակների շարքում առաջնային էին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Հայաստանի անկախության հաստատումը: Այդ գործունեությունը արժանանում էր
խորհրդային իշխանությունների դիմադրությանը։ Հակապետական աշխատանքներ կատարելու
անվան տակ բազմաթիվ հայ գործիչներ են հալածվել, բանտարկվել, նաև աքսորի ենթարկվել։ Իրավիճակը արմատապես փոխվեց 1980-ական թթ.՝ պայմանավորված ԽՍՀՄ-ում նոր՝
«Վերակառուցման» քաղաքականությամբ։
Հասարակական հարաբերություններն ու առօրյա կյանքը: Հայաստանի
խորհրդայնացումը էականորեն փոխեց առօրյա կյանքը և հասարակական հարաբերությունները։ Խորհրդահայ հասարակության առօրեականության փոխակերպումները կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջինը՝ 1920-ականներից 1930-ականների առաջին կես, երկրորդ փուլը
1930-ականների երկրորդ կեսից մինչև 1950-ականների առաջին կես և երրորդը՝ 1950-ականների երկրորդ կեսից – 1991 թվական։
1920-ականներից 1930-ականներին մարդկանց առօրյա կյանքում նկատվող ամենից էական
փոփոխությունը ավանդական կացութաձևից և կրոնականացված ապրելակերպից անցումն
էր աշխարհիկին և արդիականին:Մասնավոր սեփականության արգելման և դասակարգերի
վերացման հետևանքով մարդկանցից բռնագրավվեց նրանց ունեցվածքը։ Այս երևույթը շատ
ավելի կոշտ ձևեր ընդունեց ստալինյան բռնությունների շրջանում։ Դիմադրողներին ունեզրկում
էին բռնի ուժով, բանտարկում կամ աքսորում՝պիտակավորելով որպես «ժողովրդի թշնամիներ»
և հասարակական պարսավանքի արժանացնելով: Այս իրավիճակում գտնվում էին մարդիկ,
որոնք պետական պատժիչ մարմիններին իրենց հարևանների, ծանոթների և նույնիսկ ազգականների վրա մատնություններ էին գրում։ Սա էականորեն փոխեց հասարակական հարաբերությունները։ Մարդիկ դադարեցին մեկմեկու վստահելուց և վախենում էին սեփական
կարծիք ունենալ և հայտնել։ Նույնիսկ իրենց տներում մարդիկ վախենում էին խոսել այնպես,
ինչպես մտածում էին։ Շատերն ասում էին «պատերն
ականջ ունեն»՝ նկատի ունենալով, որ իրենց խոսքում
ինչ-որ կերպ կարող են գտնել սովետական գաղափարախոսությանը հակասող մտքեր։ Այս տարիներին
առօրյա կյանքին բնորոշ էր գորշ ու միօրինակ կենցաղը։ Մարդկանց ապրելակերպում դատապարտվում
էր բազմազանությունը, անհատական ոճի ու ճաշակի
ցուցադրությունը, շքեղությունն ու պետական ընդունված կարծիքից տարբերվող գեղեցկությունը, գունագեղ
և մոդայիկ հագուստը և բոլոր այն ամենը, ինչ կուսակցական մեծ և փոքր գործիչների կարծիքով հակասում
էր սովետական մարդու գեղագիտությանն ու բարոյականությանը։ Սովետական հասարակ քաղաքացիները
լիովին մեկուսացված էին արտաքին աշխարհից, որպեսզի նրանք չազդվեին դատապարտելի կապիտալիստական աշխարհին բնորոշ ապրելակերպից։ Չկար
հեռուստատեսություն, արտասահմանյան մամուլից ու
լրատվությունից օգտվելու որևէ հնարավորություն։
Այս տարիներին լուրջ դժվարություններ առաջացան կենսապահովման պայմանների տեսանկ­յունից։ 1940‑ական
թվականներին առաջացավ սննդի և հատկապես հացի
անբավարարություն։ Մարդկանց հիշողություններում
այդ տարիները հիշատակվում են որպես «սովի տարիներ», քանի որ բնակչության մեջ առկա էր թերսնման
համատարած իրավիճակ։ Նույնիսկ լինում էին սովից
մահվան դեպքեր։ Սովը և սննդամթերքի անբավարարության հետ կապված դժվարությունները աստիճանաբար հաղթահարվեցին 1950-ական թվականներին։ Կյանքը էական փոփոխություններ կրեց 1953 թվականին Ստալինի մահվանից հետո։ ԽՍՀՄ նոր առաջնորդը՝ Նիկիտա Խրուշչյովը դատապարտեց ստալինյան
բռնությունները և մարդկանց թույլատրվեցին մի փոքր
ազատություններ։ Այս երևույթը հայտնի է «խրուշչովան
ձնհալ» անվանումով։ 1960-1980 ական թվականներին
Խորհրդային Հայաստանին ամենից բնորոշ երևույթներից մեկը կյանքի արդիականացումն էր ու
առաջընթացը։ Հաղթահարվեց ոչ միայն համատարած անգրագիտությունը, այլև կտրուկ աճեց
բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների թիվը։ Այս տարիներին փոխվեց Երևանի քաղաքային միջավայրը։ Հիմականում մեկհարկանի հողե կամ խարխուլ աղուսե տների փոխարեն կառուցվեցին տուֆից բազմաբնակարան շենքեր։ Հողե փողոցներն ասֆալտապատվեցին
և բարեկարգվեցին։ Կառուցվեցին զբոսայգիներ, թատրոններ ու կինոթատրոններ, համերգասրահներ, խոշոր մարզադահլիճներ, սպորտային համալիրներ և ժամանցային այլ հաստատություններ։ Նախկինում գյուղատիպ ավանների փոխարեն հիմադրվեցին բազմաթիվ
փոքր ու միջին քաղաքներ։ Հայաստանը գյուղատնտեսական զբաղվածություն ունեցող երկրից
դարձավ արդյունաբերական բնույթի երկիր։ Աճեց քաղաքային բնակչության թիվը։ 1980-ական
թվականներին այն գերազանցեց գյուղականին՝ հասնելով 68%-ի։ Լուծվեց մարդկանց բնակարաններով ապահովվածության խնդիրը։ Բարելավվեց նաև առողջապահական վիճակը։
Բնակչության համար ապահովվեց առողջապահական ծառայությունների անվճար և
համընդհանուր մատչելիություն։ Չնայած առօրյա կյանքում նշված դրական զարգացումներին՝ ավելորդ չէ նշել, որ Խորհրդային
Հայաստանում կային նաև զգալի որակական տարբերություններ սովորական քաղաքացիների և
կուսակցական վերնախավերի կյանքում։ Վերջիններս բարձր որակի կենցաղային ապրանքների
ու մթերքների ձեռքբերման ավելի մեծ հնարավորություններ ու արտոնություններ ունեին և
օգտվում էին առողջապահական և սոցիալական շատ ավելի որակյալ ծառայություններից:

1960-1980 ականները բնութագրվում են նաև խորհրդային ամբողջատիրական համակարգի աստիճանական ազատականացմամբ։ Մեղմացվեցին արևմտյան
կենսաոճի հետ կապված տարբեր տեսակի արգելքները։ Թույլատրվեցին նաև արտասահման՝ հիմականում արևելաեվրոպական սոցիալիստական երկրներ՝
Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան,
Չեխոսլավակիա և Հարավսլավիա, տուրիստական
այցելություններ, որոնք թույլատրվում կամ ուղեգրվում
էին պետական համապատասխան մարմիններից։
Երիտասարդների միջավայրում տարածում ստացան
արտասահմանյան հագուստներն ու կենցաղային իրերի գործածումը։ Մոդայիկ հագնվողներին 1960-ականներին անվանում էին «ստիլյագներ»։ 1970‑1980‑ականներին սկսեցին ձևավորվել նաև երիտասարդական
այնպիսի ենթամշակույթներ, ինչպես օրինակ՝ ռոք
լսողները, հիպիները, պանկերը։ Առօրյա կյանքին բնորոշ դարձան նաև սրճարանային ժամանցը, ռեստորաններն ու կինոթատրոնները։ Վերջիններս հատկապես կարևոր էին այն բանով, որ դրանց շնորհիվ
մարդիկ կարողանում էին արտասահմանյան ֆիլմեր
դիտել, քանի որ սովետական հեռուստատեսությամբ
արտասահմանյան ֆիլմեր, երաժշտություն կամ հասարակական ու մշակութային հաղորդումեր խիստ հազվադեպ էին ցուցադրվում։
Արտասահմանյան առօրյային բնորոշ երևույթները Խորհրդային Հայաստանում հատկապես
լայն տարածում գտան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում, որը ստացավ «Վերակառուցման»
տարիներ անվանումը։ Այդ տարիներին, որն ընդգրկում է 1985֊1991 թվականները, խորքային
ճգնաժամը կանխելու նպատակով փորձ արվեց իրականացնել արմատական բարեփոխումներ ժողովրդավարացման ու տնտեսության ազատականացման ոլորտներում, ինչը, սակայն,
ձախողվեց և ավարտվեց ԽՍՀՄ կործանմամբ։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍՕՐ
Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանում առօրեականության փոփոխությունների քննարկումը
կարևոր այդ ժամանակաշրջանի պատկերն ամբողջական ընկալելու համար։
Քննարկի՛ր այս հարցը դասընկերներիդ հետ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խորհրդային ամբողջատիրական համակարգի կապանքներից հասարակական
կյանքի ազատականացման վրա։ Ի՞նչ ազդեցություն կարող էր դա ունենալ հետագայում
Հայաստանի ազատագրման ու անկախության հաստատման գործընթացի վրա։

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա1 Ա2 Ա3


ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ժողովրդի թշնամի – մարդ, ում իշխանությունը մեղադրում էր պետության դեմ լինելու մեջ (շատ անգամ՝ անարդար)
• Ստալինյան բռնություններ – զանգվածային ձերբակալություններ, աքսորներ, գնդակահարություններ Ստալինի ժամանակ
• Քաղաքական բռնաճնշումներ – իշխանության կողմից մարդկանց ճնշում՝ իրենց կարծիքների համար
• Անհատի պաշտամունք – երբ մի ղեկավարին (օր.՝ Ստալինին) չափազանց մեծարում են
• Վախի մթնոլորտ և մատնություն – մարդիկ վախով էին ապրում և երբեմն իրար վրա “մատնում” էին
• Սովի տարիներ – ժամանակներ, երբ սնունդը քիչ էր, մարդիկ սով էին ապրում
• Խրուշչովյան ձնհալ – ժամանակաշրջան, երբ կյանքը մի քիչ ազատվեց (Ստալինից հետո)
• Ստիլագներ – երիտասարդներ, ովքեր սիրում էին արևմտյան հագուստ և երաժշտություն
• Հիպիներ – ազատ մտածող երիտասարդներ, խաղաղություն քարոզող
• Խորհրդային տուրիզմ – ԽՍՀՄ ներսում կամ սահմանափակ երկրներ ճանապարհորդելու հնարավորություն
• Ընդհատակյա կազմակերպություններ – գաղտնի խմբեր, որոնք դեմ էին իշխանությանը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Նկարագրի՛ր։ Ի՞նչ փուլերի է բաժանվում խորհրդահայ հասարակության առօրեականության պատմությունը։
Ինչպե՞ս են բնութագրվում 1940-ականները և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան 1960-1980 ականներին։

Խորհրդահայ առօրյա կյանքը բաժանվում է փուլերի՝

  • Ստալինյան շրջան (1940-ականներ) – վախ, բռնություններ, պատերազմ, սով
  • Խրուշչովյան շրջան (1950-60) – որոշ ազատություն
  • 1960-1980-ականներ – ավելի կայուն կյանք, զարգացում, մշակույթի ակտիվացում

1940-ականներ – ծանր կյանք, պատերազմ, սով, վախ
1960-1980 – ավելի լավ կյանք, կրթություն, մշակույթ, բայց դեռ վերահսկողություն կար

բ. Բացատրի՛ր: Քո իսկ հարազատների շրջանում գտի՛ր մարդկանց, որոնք ապրել են ստալինյան բռնությունների
շրջանում կամ կարող են հիշել իրենց ծնողների պատմությունները, զրուցիր նրանց հետ այդ ժամանակների մասին
և վերլուծի՛ր, թե ինչպես էին արտացոլվում ստալինյան բռնությունները մարդկանց առօրյա կյանքում։

Ստալինյան բռնությունները մարդկանց կյանքում առաջացնում էին վախ։
Մարդիկ չէին խոսում ազատ, վախենում էին ձերբակալությունից։
Շատ ընտանիքներ կորցրել են հարազատներին կամ աքսորվել են։

գ. Վերլուծի՛ր: Ինքնուրույն ուսումնասիրի՛ր և գտի՛ր մշակույթի, արվեստի և գրականության ներկայացուցիչների, որոնք
Խորհրդային Հայաստանում ճանաչվել են որպես «ժողովրդի թշնամիներ»: Վերլուծի՛ր, թե ինչպես է ազդել այս
ամենը նրանց ազգակցական, մասնագիտական և համայնքային հարաբերությունների վրա։

Օրինակներ՝

  • Եղիշե Չարենց
  • Աքսել Բակունց

Նրանց վրա դա ազդել է՝

  • կորցրել են աշխատանքը
  • բանտարկվել կամ սպանվել են
  • ընտանիքները նույնպես տուժել են

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս ազդեց ստալինիզմը հասարակական կյանքի վրա։ Ինչպե՞ս ազդեց արդյունաբերականացումը քաղաքային առօրյա կյանքի և միջավայրի վրա։
Ի՞նչ ազդեցություն թողեց խրուշչյովյան ձնհալը առօրյա և հասարակական կյանքի աշխուժացման փոփոխության վրա։
Զրուցի՛ր ծնողներիդ, այլ հարազտների հետ Խորհրդային Հայաստանից դուրս շրջագայելու անձնական պատմության մասին, եթե այդպիսիք կան, փորձիր պարզել, թե երբ և ինչպես դա հնարավոր դարձավ

Ստալինիզմը – վախ, լռություն, վերահսկողություն
Արդյունաբերականացում – մարդիկ տեղափոխվում էին քաղաքներ, գործարաններ
Խրուշչովյան ձնհալ – կյանքը մի քիչ ազատ դարձավ, մշակույթը զարգացավ

Ընդհանրացո՛ւ: Նշի՛ր խորհրդային առօրեականության փոփոխությունների վրա ազդող գործոնները։Մատնանշի՛ր
այն գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցումը

Խորհրդային կյանքի փոփոխության պատճառներ՝

  • քաղաքական փոփոխություններ
  • տնտեսական զարգացում
  • ղեկավարների փոփոխություն

Ցեղասպանության հուշակոթողի կառուցում հնարավոր դարձավ, որովհետև՝

  • ժողովուրդը պահանջում էր
  • 1960-ականներին ավելի ազատություն կար
Գնահատի՛ր։ Խորհրդահայ հասարակության փոփոխությունը 1960-1980 ական թվականներին։
Գտի՛ր քո շրջապատում 1965 թվականի հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցի զանգվածային ցույցերի
մասնակիցների, զրուցի՛ր նրանց հետ, ուսւոմնասիրի՛ր ժամանակի մամուլի էջերը և գնահատի՛ր, թե ինչ գործոններով էր պայմանավորված նման ցույցերի հնարավորությունը։

Այս շրջանում կյանքը ավելի լավացավ՝

  • մարդիկ ավելի ազատ էին
  • զարգացավ կրթությունն ու մշակույթը
  • բայց լիովին ազատ չէին

1965-ի ցույցերը հնարավոր դարձան, որովհետև՝

իշխանությունը մի քիչ թուլացրել էր վերահսկողությունը

ժողովուրդը համախմբված էր

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started